Համակարգչային գույք և արդի տեխնիկա` Երևանի թիվ 56 դպրոցին
2010թ. նոր ուսումնական տարին Երևանի թիվ 56 դպրոցի համար նշանավորվեց նորագույն տեխնիկայով հագեցած համակարգչային դասասենյակի բացմամբ:
Արարողությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի ատենապետ Հրայր Մուրադյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Արաբկիր վարչական տարածքի ղեկավար Համլետ Մարգարյանը, տեղակալ` Գրիգոր Շահնազարյանը, դպրոցի մի խումբ շրջանավարտներ ու հյուրեր: Այս մասին տեղեկացանք «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի հովանավորությամբ դպրոցին նվիրաբերվել է շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույք, համակարգչային և այլ նորագույն տեխնիկա` այդ թվում 20 համակարգիչ, տպիչ սարք, սկաներ, հեռուստացույց, DVD նվագարկիչ, պրոյեկտորներ, համակարգչային սեղաններ եւ աշակերտական աթոռներ: Սա Սիրիայի նորաբաց տեղական մարմնի առաջին ծրագիրն է: Հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի ատենապետ Հրայր Մուրադյանը ժամանել էր Հայաստան այս գեղեցիկ միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով:
Դիմելով հավաքվածներին պրն Մուրադյանն ասել է . «Ձեզ բոլորիդ ջերմ բարեւներ եմ բերել Սիրիայից: Շատ տպավորված եմ` տեսնելով այս գեղեցիկ ու խնամված դպրոցը: Շատ ապրեք, որ այսքան մաքուր եք պահում այն: Թող որ այս համակարգչային դասարանն իր նպատակին ծառայի, բարով վայելեք այս նվերը»:
Արդեն իսկ արդիականացված համակարգչային դասարանի բացման ժապավենը կտրելուց հետո, հյուրերն առիթ են ունեցել տեսնելու, թե ինչպես են դպրոցի բարձր դասարանցիները համակարգչի օգնությամբ շարադրություն գրում «բարեգործություն» թեմայով:
Թիվ 56 դպրոցը, որը մայրաքաղաքի դպրոցների շարքում առանձնանում է իր բարեկարգ շենքային պայմաններով, հարմարավետ կահավորմամբ, համակարգչային դասասենյակի և նոր տեխնիկայի խիստ կարիք ուներ: Այդ մասին տեղեկանալով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Սիրիայի տեղական մարմինն անմիջապես արձագանքել է, և կարճ ժամանակ անց ժամանակակից ոճով պատրաստված գույքն ու նոր տեխնիկան հասավ հասցեատիրոջը:
Դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները մեծ ուշադրություն են դարձնում աշակերտների կրթությանն ու դաստիարակությանը: Հանրակրթական դասաժամերի ավարտից հետո դպրոցի սաները սիրով մասնակցում են արդեն տասնհինգ տարի անվճար գործող ֆիզիկայի, քիմիայի, պատմության ֆիզկուլտուրայի, ֆրանսերենի, ասեղնագործության խմբակներին: Դպրոցի երգչախումբն էլ հաճախ հանդես է գալիս համերգներով:
Դպրոցի տնօրեն տիկին Մարիամ Հովհաննիսյանի նշել է .«Նվերը մեծ է, բայց ավելի մեծ է դրա հոգևոր արժեքը: Այս գեղեցիկ ծրագրի շնորհիվ մեր դպրոցն ասես միաձուլվեց Հայաստան-Սփյուռք շղթային: Պարտավորված ենք զգում խնամքով օգտագործել այս ամենը, սակայն դրանից զատ, այսօր աշակերտները գիտակցեցին, թե որքան կարեւոր է բարի գործ կատարելը. գալիս է մի օր, երբ դու ինքդ ես վայելում դրա արդյունքը»:
Իսկ Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը նկատել է. «Ուրախ եմ, որ մեր աշակերտները գործնական համակարգչային գիտելիքներ եւս կստանան. դրա բացակայությունը մեր ժամանակներում լուրջ բացթողում է»: