Նոր զարկ` ատոմային էներգետիկայի գծով կադրերի պատրաստմանը
ՀՊՃՀ-ի և ԱՄՆ Օհայո նահանգի Բատտելլի անվան ինստիտուտի միջև օրերս ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որի համաձայն Բատտելլի անվան ինստիտուտի Հյուսիս-արևմտյան խաղաղօվկիանոսյան ազգային լաբորատորիայի հովանավորությամբ աշնանը ՀՊՃՀ-ում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, կկազմակերպվեն դասընթացներ և սեմինարներ, որոնք կեզրափակվեն նոյեմբերին կայանալիք միջազգային համաժողովով, որին ներկա կլինեն մասնակիցներ ավելի քան 9 երկրներից (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Տաջիկստան և այլն):
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնի փոխանցմամբ, վերոնշյալ պայմանագրով նախատեսված գրեթե բոլոր աշխատանքները համահունչ են մոտ ապագայում Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրին և կառավարության կողմից որդեգրած ատոմային էներգետիկայի բնագավառի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու ազգային քաղաքականությանը և որոշմանը:
Վերջինիս համաձայն` նախատեսվում է ՀՊՃՀ «Ջերմաէներգետիկա (ներառյալ` ատոմային էլեկտրական կայաններ և սարքավորումներ)» և «Ավտոմատացում և կառավարում (ատոմային էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությունների գծով 2011/2012 ուս.տարվանից մինչև 2019/2020 ուս. տարի բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերում հատկացնել հավելյալ տեղեր պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), այդ մասնագիտություններով բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների և դասավանդող դասախոսական կազմի համար կազմակերպել պրակտիկա և վերապատրաստման կուրսեր արտերկրի առաջնակարգ ուսումնական հաստատություններում, ավարտելուց հետո նշված ուսանողներին ապահովել աշխատանքով նոր էներգաբլոկի շահագործող կազմակերպությունում, տպագրել մասնագիտական դասագրքեր ու ուսումնական ձեռնարկներ և մի շարք այլ դրույթներ:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հաջողությամբ համագործակցում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության ազգային գրասենյակի հետ: Համագործակցության արդյունքում 2006թ. ՀՊՃՀ-ում ստեղծվել է տարածաշրջանում եզակի և բացառիկ նշանակություն ունեցող Միջուկային անվտանգության կենտրոնը, որտեղ անցկացվում են միջուկային կամ ճառագայթահարման վթարների հետ կապված արտակարգ իրավիճակների կառավարման գծով մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման ուսումնական դասընթացներ: Պոլիտեխնիկի և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի վերոնշյալ գրասենյակի հետ համատեղ հաջողությամբ իրականացված այս և բազմաթիվ այլ ծրագրերը հիմք են հանդիսացել սկսելու նոր համագործակցություն, որն ուղղված է լինելու ՀՀ ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, նշված ոլորտի կազմակերպություններում անվտանգության պատրաստվածության մակարդակի, դրա ուղղությամբ տարվող աշխատանքների որակի բարձրացմանը, ինչպես նաև ատոմային էներգետիկայի գծով ՀՊՃՀ-ում կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերի լուծմանը: