Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոն. Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներն անցկացնելու են վարպետության դասընթացներ
Այսօր մեկնարկում է Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի ընթացքում հնչելու է Բրամսի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 ստեղծագործությունը` ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիի մասնակցությամբ և Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10 ստեղծագործությունը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Փառատոնին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ. դաշնակահարներ Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին, Ալեսիո Բաքսը, Կոնստանտին Լիֆշիցը, Էշլի Վոսը, Միլանա Չերնյավսկան, Վահան Մարտիրոսյանը, ջութակահարներ Ջուլյա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը, Ալեքսանդր Սիտկովեցկին,Պավել Վերնիկովը, Դայշին Կաշիմոտոն, Անտոն Սորոկովը, Սվյատոսլավ Մորոզը, ալտահարներ Դիմուտ Պոպենը, Սամվել Բարսեղյանը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Նատալյա Գուտմանը, Ալեքսանդր Չաուշյանը, Միքայել Հախնազարյանը, շեփորահար Սերգեյ Նակարիակովը, գալարափողհար Ռադովան Վլատկովիչը, տուբահար Հարրի Լիդսլեն, երգչուհի Զանդրա Մքմաստերը:
Փառատոնի շրջանակներում վերոնշյալ մենակատարները անցկացնելու են նաև վարպետության դասընթացներ:
Սեպտեմբերի 17-ին տեղի է ունենալու համերգ` նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 90-ամյակին, ինչպես նաև կազմակերպվելու է ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգային ծրագրեր:
Բոլոր սիմֆոնիկ համերգներին մասնակցելու է վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նա նաև փառատոնի գեղ. ղեկավարն է: Կամերային համերգներին մասնակցում են Հայաստանի երիտասարդ շնորհալի կատարողները:
Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 22-ը:
Փառատոնը անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի եւ սըր Սայմոն Բոուզ-Լայընի բարձր հովանու ներքո