ՀԲ. Տարածաշրջանում մեր ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է
Նախագահ Սերժ Սարգսյանն նախօրիեն Դիլիջանում առանձնազրույց է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուի հետ, ով Հանրապետությունում է «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային համաժողովի առիթով:
Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ քննարկվել է ՀԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը և ընգդգծել, որ այդ համագործակցության բացակայության դեպքում Հայաստանը շատ բան կկորցներ: «Այն, որ Հայաստանում ծրագրեր եք իրականացնում` խնդրի մի կողմն է: Երկրորդ կողմն այն է, որ առաջավոր փորձ եք բերում, ինչը մեզ համար չափազանց էական հանգամանք է: Մարդիկ պետք է կարողանան որոշակի բարելավումներ տեսնել, բայց, մյուս կողմից էլ, պետք է ապագան տեսանելի լինի: Եթե այդպես չլինի, ապա այսօրվա նույնիսկ շատ լավ փոփոխություները կարող են մարդկանց չբավարարել»,- նշել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն ասել է, որ նաև վերոհիշյալ չափանիշներից ելնելով է բարձր գնահատում համաժողովի կատարած աշխատանքը, քանի որ ծավալված քննարկումների ընթացքում առկա խնդիրներն արձանագրելուց բացի` առաջարկվել են նաև դրանք լուծելու հստակ ուղիներ:
Համաշխարհային բանկի փոխնախագահն ասել է, որ, չնայած իր ծանրաբեռնված աշխատանքային օրակարգին, որոշել է մասնակցել այս համաժողովին, քանի որ պարտավորվածություն է զգում Հայաստանի հանդեպ: Պարոն Լե Ուերուի խոսքով, դեռեւս ՀԲ-ում իր նախկին պաշտոնում աշխատելիս, Հայաստանի և Բանկի միջև արդյունավետ համագործակցության օրինակը հաճախ է որպես համոզիչ փաստարկ օգտագործել ՀԲ-ի ծրագրերի համար տրամադրվելիք գումարների շուրջ դոնորների հետ վարվող բանակցություններում:
«Մեկ տարի է, ինչ այս պաշտոնում եմ: Դիտարկել եմ տարածաշրջանում մեր ծրագրերի պորտֆելը և, անկեղծորեն ասեմ, ըստ իս` ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է: Ընդ որում, ծրագրերի թե´ որակի և թե´ կատարողականի առումով: Ես հատկապես տպավորված եմ, քանի որ այն, ինչ փաստաթղթերում ուսումնասիրել, կարդացել եմ` հայաստանյան ծրագրերի վիճակագրություն և այլն, փաստացի, գործնականում նաև տեսա»,-ընդգծել է ՀԲ-ի փոխնախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և պարոն Լե Ուերուն վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցության մինչ օրս կուտակված փորձը հնարավորություն կընձեռի առաջիկայում իրականացնելու առավել ընդգրկուն ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա