Իրանը 50 հազար դոլար է պահանջել ամերիկուհուն ազատ արձակելու համար
Իրանը ամերիկացի զբոսաշրջիկ Սառա Շուրդին ազատ արձակելու համար 500 հազար դոլար է պահանջել: Այս մասին հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը:
Իրանական կողմի պայմանների մասին նախօրեին բարձրաձայնել է երկրի գլխավոր դատախազ Աբբաս Ջաֆարի Դոլատաբադին: Նրա խոսքով, Շուրդն ազատ կարձակվի, հենց Իրանի իշխանությունները ստանան գումարը: Դատախազը հստակեցրել է, որ Շուրդի փաստաբաններն արդեն ծանոթ են Թեհրանի պահանջներին:
Մինչ այս կարծիք կար, որ Ս. Շուրդը ազատ կարձակվեր այս շաբաթ օրը` սեպտեմբերի 11-ին. համաներումը պետք է տրվեր Մուսուլմանների սուրբ տոնի` Ռամադանի ամսվա ավարտի կապակցությամբ: Նշվում էր, ու այդպիսի որոշում է կայացրել նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Սակայն Իրանի իշխանությունները վերջին պահին փոխել են որոշումը` նկատելով, որ ամերիկուհին դեռևս դատարանի առաջ չի կանգնել ու ըստ այդմ, չի կարող ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ 2009-ի հուլիսին Ամերիկայի 3 քաղաքացիներ` Սառա Շուրդը, Շեյն Բաուերն ու Ջոշուա Ֆեթթալը ձերբակալվել էին Իրանի տարածքում` Իրաքի սահմանի մոտ: Նրանց մեղադրել են սահմանի անօրինական հատման ու լրտեսության մեջ: Ամերիկացիներն իրենց հերթին նշել են, որ իրենք զբոսաշրջիկներ են ու սահմանը հատել են պատահմամբ` Իրաքի գեղատեսիլ վայրերը զննելիս:
2010-ի ապրիլին ամերկյացիները, որոնք պահվում էին Թեհրանի Էվին բանտում, հացադուլ են հայտարարել` ի պատասխան լրտեսության մեջ մեղադրանքի: 2010-ի հուլիսին ձերբակալված զբոսաշրջիկների մայրերը օգնության ակնկալիքով դիմել են երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին: Սեպտեմբերի 9-ին հայտարարվել էր, որ Իրանը պատրաստվում է ազատ արձակել ձերբակալված ամերիկացի զբոսաշրջիկներից մեկին: