Աշոտյանը Գերմանիայում է. Նա հանդիպել է նաև հայ համայնքին
Սեպտեմբերի 12-16-ը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հրավերով ԳԴՀ կատարած այցի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 12-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը կազմակերպվել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում պարոն Աշոտյանը ներկայացրել է կրթության և գիտության նախարարության գործունեության առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումներն ու նորամուծությունները, Սփյուռքի կրթօջախների հետ տարվող աշխատանքը: ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամներ` Երևանի պետական տեխնիկական և ագրարային համալսարանների ռեկտորները ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունների գործունեության հիմնական ուղղությունները և համագործակցությունը գերմանական գործընկերների հետ:
Այնուհետև, ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի, քննարկվել են համայնքի հետ համագործակցության էլ ավելի սերտացման հնարավորությունները:
Մասնավորապես, քննարկվել է Գերմանիայում հայագիտական ամբիոնների և կենտրոնների պահպանման և նմանատիպ նոր կառույցների հիմնադրման հարցը, ներկայացվել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանում գործող «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիման վրա հայագիտական ամբիոն հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: ՀՀ ԿԳ նախարարը պարզաբանումներ է տվել ՀՀ ուսումնական հաստատություններ և գիտահետազոտական հիմնարկներ սփյուռքահայ դիմորդների ընդունման կարգի, ուսուցիչների վերապատրաստման, Սփյուռքի կրթօջախներին գրականության տրամադրման հարցերի շուրջ: