Դավութօղլուն արձանագրությունները դարձյալ կապել է հայ-ադրբեջանական հակամարտության հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հրապարակային ելույթով, որի ժամանակ անդրադարձել է արտաքին քաղաքական հարցերի առանցքային բնույթին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) պարբերականը, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատար է այս տարածաշրջանում և չի կարող պասիվ դիրքերից հետևել տարածաշրջանային զարգացումներին:
Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան նպատակ ունի ոչ միայն դառնալ ուժային կենտրոն, այլ միևնույն ժամանակ` որպես ժողովրդավարության կենտրոն:
«Մենք այս կրիտիկական տարածաշրջանում անվտանգության, կայունության, ազատության, ժողովրդավարության և բարեկեցության առաջամարտիկն ենք ցանկանում լինել»,- ասել է նա:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, խոսելով հարևանների հետ զրո խնդիր ունենալու անհրաժեշտության մասին, նշել է, որ մինչև անգամ եղբայրների միջև են խնդիրներ լինում: Հետևաբար հարկավոր է գոնե նավազագույնի հասցնել միջհարևանային խնդիրները:
Հայ-թուրքական արձանագրությունների դեռևս առկախված մնալու հարցին անդրադառնալով` Դավութօղլուն ասել է. «Մի օր արձանագրությունները կյանքի կկոչվեն Կովկասի ստեղծվելիք խաղաղության մթնոլորտում, որը կներառի նաև հայ-ադրբեջանական հաշտությունը: Այս է մեր տեսլականը»: