Եվրոպական դատարանը քննում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետևանքների հետ կապված գործեր
Այսօր Երևանի ժամանակով կեսօրին Ստրասբուրգում մեկնարկեց «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լսումները: Նույն օրը` օրվա երկրորդ կեսին տեղի կունենա մեկ այլ` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները:
ՄԻԵԴ Մեծ պալատի քննությանն անցած երկու գանգատներն էլ առնչվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ, մասնավորապես` հակամարտության ակտիվ փուլում քաղաքացիների սեփականության իրավունքների հետ կապված խնդիրների հետ: Ըստ էության, սա նման առաջին դեպքն է: Հետաքրքիր է նաև, որ ՄԻԵԴ-ը նմանօրինակ հարյուրավոր գանգատներ է ստացել, սակայն ըստ էության, քննության է առել հիշյալ երկու գործերը: ՄԻԵԴ Մեծ պալատին գործերը փոխանցվել են 2010 թվականի մարտի 9-ին և 11-ին, սակայն երկուսի դեպքում էլ հանրային լսումները նշանակվել են նույն օրը:
Ադրբեջանցի դիմումատուները, թվով 7 հոգի, ովքեր բոլորն էլ ներկայացել են որպես Լաչինի նախկին քրդեր, իրենց գանգատում պնդել են, որ մինչև հակամարտությունը իրենք բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են գույք` բնակարան, ավտոմեքենա, և այլն: Պատերազմի արդյունքում նրանք ստիպված են եղել լքել իրենց ունեցվածքը, և այժմ չկա մոտակա ժամանակահատվածում իրենց կողմից իրենց գույքը տնօրինելու հնարավորություն ստանալու հեռանկար: Ադրբեջանցի դիմումատուներն իրենց գանգատում ապավինել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածին (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածին (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), և 13-րդ հոդվածին (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք), և 14-րդ հոդվածին (խտրականության արգելում):
Մյուս գործով դիմումատուն ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանն է: 2006 թվականին հանձնված գանգատով, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները և տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջն Ադրբեջանի կողմից մերժելու մասին, վիճարկում է թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Դիմումատուն փաստարկել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաև 8-րդ և 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը:
Մինաս Սարգսյանը, վկայակոչելով Բաքվի և Ջուղայի հայկական գերեզմանատներն ավերելու փաստերը, ՄԻԵԴ-ում գանգատվել է նաև Ադրբեջանի գործադրած վանդալիզմից: Գյուլիստան գյուղից տեղահանված Մինաս Սարգսյանի գանգատում փաստարկվում է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտումը, քանի որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել հենց էթնիկ հայերի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան