ԱՊՀ և Բալթյան երկրների կինոմատոգրաֆիստները քննարկել են ոլորտում առկա խնդիրները. «Բոլորը դարձել են ռեժիսորներ»
Անապայում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 19-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Ազգային կինոմատոգրաֆիան երեկ, այսօր, վաղը» խորագրով կլոր սեղան, որի ընթացքում այդ երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները իրենց կարծիքներն ու տեսակետներն են արտահայտել այսօրվա կինոարվեստի վերաբերյալ: Կլոր սեղանի հիմնական թեման եղել է համատեղ կինոարտադրությունը, կինոնախագծերը, միասնական մշակութային տարածությունը վերականգնելու հեռանկարները:
«Համագործակցության շրջանակներում կարելի է փնտրել ոչ միայն ֆիլմ նկարահանելու համար փող, այլ նաև ընդհանուր հետաքրքրություններ և տեսակետներ»,- ասել է Ռուսաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:
Առկա խնդիրներից հիմնականում շեշտվել է ԱՊՀ երկրների կինոմատոգրաֆիստների միությունների միջև խզված կապը, կինոմատոգրաֆիստների ցածր մակարդակը և երիտասարդ ռեժիսորների ոչ պրոֆեսիոնալիզմը:
Կլոր սեղանի մասնակից Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն ասել է, որ կինոմատոգրաֆիան դարձել է սիրողական արվեստ, «բոլորը դարձել են ռեժիսորներ»: «Մենք կորցրել ենք մեր դիտողին, և մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ մենք չեն պատրաստում ֆիլմեր մեր ժողովրդի համար: Պետք է գյուղերում, քաղաքներում ցուցադրենք մեր հայրենական կինոն»,- ասել է Ռ. Գևորգյանցը: Ն. Միխալկովն էլ ասել է. «Մենք ժողովրդից խլել ենք ազգային կինոն դիտելու հետաքրքրությունը: Մենք ֆիլմեր ենք ցուցադրում, որոնք դիտողների գիտակցությունը կործանում են: Եվ ազգայինը սերմանալու ուժը, ցավոք, վերացել է»:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, կլոր սեղանի արդյունքում ընդունվել է մի ընդհանուր փաստաթուղթ, որտեղ արձանագրված է մասնակիցների միասնական դիրքորոշումը և կոնկրետ միջոցառուների ծրագիր, որը կարող է օգնել վերականգնել համատեղ կինոտարածությունը, ինչն էլ մեծապես կնպաստի ԱՊՀ և Բալթյան երկրներում կինոարտադրության որակի բարձրացմանն ու զարգացմանը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 19-րդ կինոփառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին, ու կշարունակվի մինչև 19-ը: Հայաստանը լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացնում է է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը, իսկ «Շոկի սահմանները» մրցութային ծրագրում` Վահե Գևորգյանցի «Մեծ տոն» ֆիլմը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ ներկայացված է 14 ֆիլմ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին