Թուրքիան` լրագրողների անազատության երկիր
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) Թուրքիային կոչ է արել ազատ արձակել անազատության մեջ գտնվող լրագրողներին և բարեփոխել լրատվության կարգը սահմանող օրենսդրական դաշտը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի էլեկտրոնային կայքը:
ԵԱՀԿ անկախ լրատվության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ տեղեկացմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին ուղարկվել է մի նամակ, որում նշված է ավելի քան 40 լրագրողների բանտարկության, իսկ հարյուրավորներին էլ բերման ենթարկելով, մեղադրանք առաջադրելով բանտարկելու ռիսկին ենթարկելու հանգամանքը:
«Լրագրողներին բանտարկությամբ սպառնացող դատական գործերի թիվը Թուրքիայում աճել է, որին մենք անհանգստությամբ հետևում ենք»,- ասել է եվրապաշտոնյան` ընդգծելով, որ Թուրքիայում հետապնումների են ենթարկվում առավելապես այն լրագրողները, ովքեր զգայուն հարցեր են արծարծում, գաղտնի փաստաթղթեր հրապարակում կամ քննադատում իշխանության ներկայացուցիչներին: