ԿԳՆ. Նոր քարտեզները հնարավորություն կտան մեր ուսուցիչներին առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ` հանրակրթական դպրոցներին են տրամադրվել «Հայաստանի Հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ֆիզիկական և վարչական քարտեզները, որոնցում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ներկայացված են որպես մեկ ամբողջություն: Այս հարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի հետ:
«Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են կրթության որակի բարձրացման և այս համատեքստում պետք է արձանագրել, որ քարտեզների կարիքն իսկապես մեր դպրոցներում առկա էր»,-ասաց ԿԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, նոր քարտեզները հնարավորություն կտան մեր ուսուցիչներին առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, իսկ աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները համապատասխան առարկաների ծրագրով նախատեսված թեմաների վերաբերյալ:
«Հարկ եմ համարում նաև նշել, որ նախարարությունը բազմաթիվ արձագանքներ է ստացել մանկավարժների և ծնողների կողմից, ովքեր իրենց գոհունակությունն են արտահայտել քարտեզների ֆիզիկական նկարագրի, նկատի ունեմ նյութի որակը, և, որն ամենակարևորն է, բովադակության վերաբերյալ: Քարտեզների միջոցով մեր աշակերտները կստանան ոչ միայն իրենց հետաքրքրող, այլև հանրության տարբեր շերտերին հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները»,- ասաց Ա. Բաղդասարյանը: