Էրդողանը խոսում է թուրքական կրոնական հանդուրժողականության մասին, իսկ Սուրբ Խաչը շարունակում է մնալ անխաչ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չիրաղան պալատում թուրք-ադրբեջանական բարձրագույն ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի հիմնադրման պայմանագրի ստորագրման արարողությունից հետո հրավիրել է մամուլի ասուլիս:
Թուրքական «Յենի Շաֆաք» (Yeni Safak) թերթի տեղեկացմամբ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի առնչությամբ նա ասել է հետևյալը. «Մեր երկրում ազգությամբ հայ համերկրացիներ կան: Մենք ուզում ենք ի ցույց դնել նրանց կրոնական կոթողների ու տաճարների հանդեպ թե մեր վերաբերմունքը և թե նրանց: Սա ըստ էության թուրքական հանդուրժողականության դրսևորում է: Եվ իրավացի ենք, որ նույն այդ հանդուրժողականությունն ակնկալում ենք նաև աշխարհի տարբեր վայրերում գտնվող այլադավաններից: Ցանկանում ենք, որ նրանք նույն ըմբռնումը, նույն հանդուրժողականությունը և նույն մոտեցումը ցուցաբերեն մեզ: Լիհույս ենք, որ մեր այս արածներն անպատասխան չեն մնա»:
Էրդողանին հարցրել են նաև այն մասին, թե երբ է Ադրբեջանը հանելու Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ կիրառվող վիզային ռեժիմը: Ի պատասխան Էրդողանն ասել է, որ իրենց կողմից ոչ մի հարց չկա: Եվ հույս հայտնել, որ ազերի եղբայրները կարճ ժամանակում կլուծեն այդ հարցը: