Ջավախքի դպրոցներում կրճատվել են հայոց լեզվի ժամերը, փոխարենն ավելացրել են վրացերեն ժամերը
«Այսօր Ջավախքը շատ դժվար օրեր է ապրում կյանքի բոլոր բնագավառներում, հատկապես, կրթական ոլորտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վիրք» ՀԿ-ի նախագահ Դավիթ Ռստակյանը:
Ներկայացնելով այսօրվա խնդիրը` նա նշեց, որ այսօր Վրաստանում օրենսդրությունն այնպիսին է, որ դե յուրե հայոց դպրոց հասկացություն գոյություն չունի: «Պատճառն այն է, որ Վրաստանում կրթության մասին օրենքում նշվում է, որ Վրաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդման լեզուն վրացերեն է: 2010 թվականից Վրաստանի կրթության նախարարությունը կարծես թե լուրջ միտումներ ունի` որոշ առարկաներ վրացալեզու դարձնելու»,-ասաց նա:
Դ. Ռստակյանը, ներկայացնելով Ջավախքում գործող դպրոցների վիճակը, նշեց, որ այս տարի դպրոցներում կրճատվել են հայով լեզվի դասաժամերը, իսկ փոխարենը ավելացրել են վրացերեն լեզվի դասաժամերը: «Այն խոստումներին, թե Վրաստանի կրթության նախարարությունը չի ավելացնելու վրացերենի ժամերը հայով լեզվի ժամերի հաշվին, չկատարվեցին»,- ասաց նա:
«Հատկապես տարրական դասարաններում եթե անցյալ տարի շաբաթական 8 ժամ հատկացվում էր հայոց լեզվին, իսկ վրացերենին` 3 ժամ, ապա այս տարի հայոց լեզվի ժամերը կրճատվել, իսկ վրացերեն լեզվի ժամերը ավելացվել են: Այժմ շաբաթական 5 ժամ հատկացվում է հայոց լեզվին, 5 ժամ էլ` վրացերեն լեզվին»,- իրավիճակը ներկայացրեց Դ. Ռստակյանը:
Ըստ նրա` վրաց իշխանությունների նպատակը հայերին վրացերեն սովորեցնելը չէ, այլ աստիճանաբար վրացացնելն է:
ԱԺ պատգամավոր «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի խոսքով, այսօր Ջավախքում կրթական խնդիրները գնալով քաղաքական հիմնախնդիրների են վերածվում: «Վրացական իշխանությունները Ջավախքում իրականացնող կրթական ոլորտի փոփոխություններով նոր միտում են որդեգրել. այն է հայահալած քաղաքականությունը փոխադրել կրթական ոլորտ և կրթության միջոցով հայաթափել տարածաշրջանը կամ էլ ուծացնել տարածաշրջանը, որն էլ կունենա երկու ելք` հայերը տեսնելով, որ իրենց ազգային կրթական իրավունքը կոպտորեն ոտնահարվում է, կհեռանան տարածաշրջանից, իսկ երկրորդ ելքն այն է, որ կսկսվի ձուլման գործընթաց»,-ասաց նա:
Ըստ Շ. Թորոսյանի` այսօր իսկապես չարակամորեն է ոտնահարվում ազգային փոքրամասնության իրավունքը, հատկապես ազգային լեզվով կրթություն ստանալու իրավունքը: «Տարրական դասարանում կտրուկ նվազեցնել հայոց լեզվի ժամերի քանակը և ավելացնել վրացերեն լեզվի ժամաքանակը, սա մատաղ սերնդի ազգային դիմագիծը խեղելու ձգտում և է ցանկություն»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան