ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ծնողները Ջավախքում հեռացվել են աշխատանքից
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ այս ուստարում իր ծնողները հեռացվել են աշխատանքից: «Հայրս և մայրս ուսուցիչ էին աշխատում Գանձայի Շոթա Ռուսթավելիի անվան միջնակարգ դպրոցում: Հայրս հայոց պատմության ուսուցիչ էր, իսկ մայրս տարրական դասարանում էր դասավանդում: Հայրս երկու անգամ արժանացել է Հայաստանի վարչապետի մեդալին` Ջավախքում հայապահպանությանը նպաստելու համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ բացի իր ծնողներից, այս տարի Ջավախքում աշխատանքից հեռացվել են նաև մի շարք ուսուցիչներ, ովքեր հայոց լեզու և հայոց պատմություն էին դասավանդում դպրոցներում: «Յուրաքանչյուր գյուղից ազատվել է մեկ կամ երկու ուսուցիչ, ովքեր ազգային կրթություն և դաստիրակություն էին տալիս աշակերտներին»,- հավելեց նա:
Նրա խոսքով, մի շարք ուսուցիչների հեռացնելու համար հստակ պատճառ չեն նշել: «Դպրոցի տնօրենները նշել են, որ իրենց վերևից հրահանգված է նրանց աշխատանքից հեռացնել: Նրանց ասել են, թե գնացեք և պատճառը գտեք ձեր մեջ»,- նշեց Շ. Թորոսյանը:
Այն հարցին, թե ձեր ծնողներին աշխատանքից հեռացնելու պատճառն ինչը կարող էր լիներ, Շ. Թորոսյանը պատասխանեց. «Ծնողներիս միակ մեղավորությունն այն է, որ ես իրենց որդին եմ»։
Շ. Թորոսյանի խոսքով, «ահա այս է աշխարհին ժողովրդավար ներկայացող և աշխարհի աչքերին ժողովրդավարական թոզ փչող Վրաստանի քաղաքականությունը»:
«Ցանկանում եմ հավատալ, որ վրացական իշխանություններն այդքան չեն մանրացել, որ ինձ, արգելելով մտնել Վրաստան, ծնողներիս էլ արգելեն աշխատել դպրոցում։ Ուզում եմ հավատալ, որ այդքան մանրախնդիր չեն», - հավելեց ԱԺ պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան