Կնքվել է համագործակցության նոր հուշագիր
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության մասին հուշագիր` ի դեմս նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի և «Վորլդ Վիժն» կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Գրեհեմ Սթրոնգի: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարի տեղակալը, կարևորելով հուշագրի ստորագրումը, նշել է, որ որպես հեռահար նպատակ` նախարարությունը ձգտում է, որ Հայաստանում չլինեն առանձին ներառական դպրոցներ, և յուրաքանչյուր կրթական հաստատություն կայանա որպես յուրաքանչյուրի հետ աշխատող հաստատություն: «Այս ուղղությամբ մենք երկար ուղի ունենք անցնելու, մասնավորապես, ուսուցիչների որակի, ծրագրերի, ուսումնական գործընթացի և, առհասարակ, դպրոցական կյանքի կազմակերպման տեսանկյունից»,-նշել է Մ. Մկրտչյանը` կարևորելով աշակերտի ներառումն իր սեփական և դպրոցական կյանքի կառավարման մեջ;
Իր խոսքում «Վորլդ Վիժն» կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Վորլդ Վիժն»–ի միջև համագործակցությունը մեծ պատմություն ունի և հույս է հայտնել, որ հուշագրի ստորագրմամբ առաջիկա 4 տարիների ընթացքում այդ համագործակցությունն ավելի կզարգանա և կամրապնդվի: Պարոն Սթրոնգը նշել է, որ «Վորլդ Վիժն» կազմակերպության առաջնահերթություններից է կրթության որակի և կրթական համակարգում երեխաների ներգրավվածությանն աջակցությունը և հավելել, որ երեխաների և երիտասարդների կրթությունը կարևոր օղակ է կազմակերպության համար:
Համաձայն հուշագրի` կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում սերտ համագործակցել մի շարք ուղղություններով, մասնավորապես, նպաստել նախադպրոցական կրթության ապահովմանը և համայնքներում նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրմանը, հանրակրթական դպրոցների կառավարման համակարգի բարելավմանը, հանրակրթական դպրոցներում քաղաքացիական ակտիվության և ներառական կրթության խթանմանը, ներառական կրթության ցանցի ընդլայնմանը և պահպանմանը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար որակյալ կրթության կազմակերպմանը, հատուկ դպրոցներում սովորող երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և նրանց բարեկեցության ապահովմանը: Բացի այդ, կողմերը պատրաստակամ են նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և միջին մասնագիտական կրթության խթանմանը` մարզերի երիտասարդության համար ստեղծելով ակտիվ լինելու հնարավորություններ: