«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից». Ծրագիրը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը
«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 21-ը: Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին, որին մասնակցել են հանրապետության 20 դպրոցի շուրջ 60 ուսուցիչ և 20 տնօրեն:
«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրն իրականացվում է Հարավային Կովկասի երկրներում (Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում) ու նպատակ ունի խթանել նշյալ պետությունների ազգային փոքրամասնությունների ու մարզերում բնակվող երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից:
Ծրագրի մեկնարկին մասնակցել են ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը, Եվրոպական Միության, «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի ներկայացուցիչներ:
«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրն ուղղված է երեք խմբի` ավագ դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, երեք երկրներում ծրագրին մասնակցելու է 60 դպրոց, 180 ուսուցիչ, 5400 աշակերտ:
Ընտրված դպրոցների 11-րդ դասարանների աշակերտները կմասնակցեն եռափուլ սիմուլյացիոն խաղերի (ազգային-տարածաշրջանային-ԵՄ մակարդակներ): Սիմուլյացիոն բնույթի խաղերի կազմակերպման համար յուրաքանչյուր դպրոցում կընտրվի մեկ դասարան: Մասնակից դասարանները Հարավային Կովկասի երիտասարդական պառլամենտ (ՀԿԵՊ) են գործուղելու մեկական պատվիրակ` նրան փոխանցելով իրենց քաղաքական օրակարգը: Ընտրված պատվիրակը մասնակցելու է ՀԿԵՊ-ի միասնական դեկլարացիայի ձևավորմանը, որը սիմուլյացիոն խաղերի երրորդ փուլում ներկայացվելու է Եվրախորհրդարանում:
Ծրագրի շրջանակում հիմնադրվելու է ուսուցիչների տարածաշրջանային ասոցիացիա, որի անդամները կմասնակցեն ամենամյա միասնական խմբերի աշխատանքներին, իսկ այնուհետև փոխհաղորդակցությունը կշարունակվի ձևավորվելիք ինտերնետային կայքի միջոցով:
Ծրագրի նախաձեռնողը գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամն է: Ֆինանսական միջոցները հատկացվում են Եվրամիության կողմից: Գործընկերներ կազմակերպություններն են` Եվրոպայի Խորհրդի Երևանի, Թբիլիսի և Բաքվի քաղաքական դասընթացների դպրոցները, ինչպես նաև «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան