Պատարագին հաջորդել է նշանադրության արարողություն Աղթամարի եկեղեցում
Նախօրեին, երբ գրեթե մեկդարյա դադարից հետո Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց, տեղի է ունեցել նաև առաջին նշանադրության արարողությունը: Ըստ թուրքական «Հաբերգեչ» (Habergec) հայազգի Թամարա Ալջալը և Ավինիս Բըչաքչըն պատարագի մատուցումից հետո Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Թաթուլ Անուշյանի օրհնությամբ նշանվել են:
Թամարան խորհրդանշական է համարել իր նշանադրությունն այդ պատմական օրը և հենց այդ եկեղեցում` հիշեցնելով Աղթամար կղզու անվան պատմությունը` կապված գեղեցկուհի Թամարի սիրո մասին լեգենդի հետ:
Հիշեցնենք, որ 3 տարի առաջ վերանորոգվելուց հետո Սուրբ Խաչ եկեղեցին ստացել էր թանգարանի կարգավիճակ, իսկ այս տարի թուրքական իշխանությունները թույլատրեցին տարին մեկ անգամ եկեղեցում պատարագ մատուցել: Նշենք նաև, որ Սուրբ խաչի գմբեթը շարունակում է մնալ առանց խաչի:
Էրդողանն իր ելույթներում չի հոգնում կրկնել, որ թուրքերը կրոնական հանդուրժողականություն են ցուցաբերում այլադավան այլազգիների նկատմամբ` հիշատակելով Տրապիզոնի հունական Սումելա վանքի և Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու մասին: Ու այդպես խոսում է մի երկրի վարչապետ, որտեղ հայկական չգործող եկեղեցիները վերածվել են ախոռի, պահեստի, մարզասրահի, իսկ գործող եկեղեցու գմբեթին էլ խաչ չի տեղադրվում: