«Ռենկո»-ի հերթական կառույցը Երևանում. Բացվեց «Piazza Grande» բազմաֆունկցիոնալ համալիրը
Իտալական հայտնի «Ռենկո» ընկերությունը հերթական կառույցն այսօր Երևանում հանձնեց շահագործման:
Վազգեն Սարգսյան 20 հասցեում այսօր տեղի ուենցավ «Piazza Grande» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման արարողությունը:
Շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2,5 տարի առաջ:
Հիշեցնեք, որ իտալական կազմակերությունը 2007 թվականին, 42 հազար քմ մակերես ունեցող շենքը գնել էր պաշտպանության նախարարությունից և նոր համալիրի կառուցման համար ներդրել 50 մլն դոլար:
Այսօր համալիրի հանդիսավոր բացմանը ներկա գտնվող «Ռենկո» հոլդինգի գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին գնահատելով կատարված աշխատանքն ասաց. «Մի քանի տարի Հայաստանի շուկայում աշխատելով նկատեցինք, որ այստեղ մեր կատարած բոլոր ներդրումներն արդարացնում են մեր սպասումները: Այս նոր համալիրը ևս դրա ապացույցն է: Շենքի կառուցման ժամանակ օգտագործվել է միայն ժամանակակից և որակյալ տեխնիկա և սարքավորումներ: Կատարված է որակյալ աշխատանք»:
«Piazza Grande» բազմաֆունկցիոնալ համալիրը բաղկացած է 3 մասից: -1 և 0 հարկերում առևտրային տարածքն է առանձին մուտքով, 1-3 հարկերը օֆիսային տարածքներ են , 4-10 հարկերում՝ բնակարաններ:
Համալիրի հանդիսավոր բացմանը ներկա էր նաև քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Բարձր գնահատելով կատարված աշխատանքը քաղաքապետը նշեց, որ արդարացված են նաև հայկական կողմի սպասելիքները, քանի որ կատարված է որակյալ աշխատանք:
«Երևանում բացվող այս կարգի յուրաքանչյուր կառույց որակի առումով մյուսների համար կարող է օրինակ ծառայել: Կստեղծվի նաև մրցակցություն, ինչի արդյունքում կունենանք աշխատանքի որակյալ արդյունք: Ինձ ամենից շատ դուր եկավ այն , որ համալիրի բնակելի տների բնակիչներն այստեղ տեղափոխվելու են վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, այսինքն՝ այդ առումով մեկը մյուսին չի խանգարի»,-ասաց Գ. Բեգլարյանը:
Կատարված աշխատանքից գոհ էր նաև համալիրի շենքի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը: Իսկ, թե «որքանով է նոր կառույցը համահուչ մեր քաղաքի ճարտարապետությանը» հարցին, ճարտարապետն ասաց. « Այս հարցին կարող է պատասխանել միայն ժամանակը»:
Իտալական հայտնի կազմակերպությունը, որն աշխարհի տարբեր երկրներում մատուցում է ճարտարագիտաշինարարական ծառայություններ, գործունեությունը Հայաստանում սկսել է դեռ 2001 թվականից: Երևանում նրանց աշխատանքներից հայտնի են Իտալիայի դեսպանատան շենքը, «Կոնգրես» հյուրանոցի շենքը, ամիսներ առաջ շահագործման հանձնված Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկանգառը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին