«Աստծուն որոնելիս». Ռուբեն Սուվարու նկարների ցուցահանդես` Սարյանի այգում
Սարյանի այգում վաղը` սեպտեմբերի 22-ին, կցուցադրվի Ռուբեն Սուվարու նկարների շարքը:
Ինչպես տեղեկացնում են ցուցահանդեսի կազմակերպիչները, ցուցահանդեսը կրելու է «Աստծուն որոնելիս» խորագիրը և կտևի մինչև սեպտեմբերի 24-ը:
Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ կպատվեն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երևանի քաղաքապետը, մշակույթի նախարարը, հոգևոր այրեր, մշակութային գործիչներ, պատմաբաններ:
Երևանում առաջին անգամ գրաֆիկայի ժանրում կցուցադրվեն Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակը չունեցող մանրանկարներ, որոնք ամբողջությամբ գրիչով են արված: Արտահայտում են ՄԱՐԴՈՒ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԻ կապը, ունեն փիլիսոփայական և պատմական հենք:
«Սև ու սպիտակի հարաբերությամբ նա կարողացել է ստեղծել գրաֆիկական հոյակապ աշխատանքներ, որոնցում մարդկային հոգու աշխարհն է, նրա կապը հայ եկեղեցու և Աստծո հետ: Նուրբ շտրիխներով կերպավորած մարդկային ֆիգուրները, եկեղեցիները ու վանքերը խիստ ներդաշնակության մեջ են, իմաստավորված յուրաքանչյուր շտրիխ, կա կերպարների եզրագծերի համաչափ կատարում` վերացարկված մտածողությամբ պատկերների համադրումով»,- գործընկերոջ մասին այսպես է արտահայտվել գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Կարլեն Քոչինյանը ցուցահանդեսի ժամանակ, որը առաջին անգամ տեղի է ունեցել Վանաձորում այս տարվա հունիս ամսին:
Ռուբեն Սուվարին ծնվել է 1982թ.-ին հայրենիքից հեռու` Ղազախստանի Ցելինագրադ քաղաքում /այժմ մայրաքաղաք Աստանա/: Մեկ տարի անց` 1983-ին, ընտանիքով հաստատվել են Վանաձորում: Առաջին անգամ լրջորեն նկարչությամբ զբաղվել է, երբ 23 տարեկան էր: Աշակերտել է երջանկահիշատակ լոռեցի նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները