Իրանական կայք. 1918թ. իրանական Արան տարածքում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը
Իրանական Արան և Շիրվան տարածքներն ինչպե՞ս ստացան շինծու «Ադրբեջանի Հանրապետություն» անունը:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքում հրատարակված հոդվածում նկատում է Մահմուդ Թահեր Զադեն:
«Ներկայիս «Ադրբեջանի Հանրապետության» տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել»,- հոդվածագիրը պատմական ակնարկ կատարելով նշում է, որ Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի համաձայն` Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ:
«1911թ. Բաքվում հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն, պանթյուրքիստական գաղափարներից ելնելով, հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918թ. առաջին անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը»:
«Այդ առթիվ իրանցի մեծանուն մտավորականներն ու պատմաբանները ժամանակին իրենց դժգոհությունն են արտահայտել: Ռուս գիտնական և քաղաքական գործիչ Բարտոլդը, ով երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ժամանակին գրել է, որ դիտավորյալ է ընտրվել «Ադրբեջանի Հանրապետություն» անունը, որ տպավորություն ստեղծվի, թե վերջինս և Իրանական Ադրբեջանը նույնն են»,-գրում է Թահեր Զադեն:
«Վերլուծելով պատմությունը, հանգում ես այն եզրակացության, որ այն մարդիկ և պետությունները, որոնք Հյուսիսային Իրանին կեղծ անուն են դրել և նպատակ են ունեցել մասնատել Իրանը, ձախողվել և ոչնչացել են, իրենց հետ տանելով գերեզման իրենց անիրականանալի նպատակները»,-եզրափակում է հոդվածագիրը: