Դուք ապացուցել եք, որ Ձեզ համար կյանքի բարձրագույն չափանիշը արվեստն է. Նախագահը շնորհավորել է Ալ. Հարությունյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանին` ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:
Ինչպես տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը, Հանրապետության ղեկավարի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ուրախ եմ ողջունել Ձեզ` հռչակավոր կոմպոզիտորին ու մեծանուն հային, ում ստեղծագործական պատկառելի վաստակը նոր հորիզոններ է բացել մեր մշակույթի զարգացման ու միջազգային ճանաչման համար:
Ձեր հարուստ կենսագրությունը վաղուց արդեն իր հաստատուն տեղն է գտել հայ երաժշտարվեստի տարեգրության մեջ, դարձել նրա վառ էջերից մեկը: Վստահ եմ` ստեղծագործական ուղին, որը Ձեզ համաժողովրդական գնահատանք բերեց, ապրելու ու գործելու ուղեցույց է դառնալու արվեստի իսկական նվիրյալների համար: Ձեր ավելի քան 70-ամյա ստեղծագործական գործունեությամբ Դուք բազմիցս ապացուցել եք, որ Ձեզ համար կյանքի բարձրագույն չափանիշը արվեստն է, իսկ արվեստի չափանիշը` կատարելությունը:
Եվ այսօր մենք հպարտությամբ ենք համակվում` շնորհակալական խոսքեր ասելով բազմավաստակ արվեստագետին, հայ մշակույթի մեծ գործչին, ում կերպարն ինքնին լավագույն օրինակ է իր գործը շարունակողների համար:
Հարգելի՛ պարոն Հարությունյան, վերստին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ամուր առողջություն և սեփական կյանքով վաստակած հռչակն անխռով վայելելու բերկրանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին