Միջազգային փաստահավաք առաքելության ժամանումից առաջ ԼՂՀ տարածքների հարցում տերմինաբանական հստակություն պետք է մտցվի
«Հայոց աշխարհը» զրուցել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
«Տարիներ շարունակ մեզանում տիրում է կատարյալ տերմինաբանական շփոթ այն հարցի շուրջ, թե ինչպես անվանել նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող եւ հայկական զինուժի կողմից վերահսկվող տարածքները: Այժմ, երբ այդ տարածքները Արցախի սահմանադրությամբ հռչակված են իբրեւ այդ երկրի անբաժանելի մաս` անորոշության տեղ այլեւս չկա, սակայն անհրաժեշտ է առավելագույն տերմինաբանական հստակություն: Մասնավորապես առաջնահերթ կարեւորության խնդրի է վերածվում միջազգային քաղաքական շրջանառության մեջ եղած այնպիսի եզրույթների ներմուծումը, որոնք առավել ամբողջական կարտահայտեին տարածաշրջանում ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունները: Սա արդիական է հատկապես հիմա, երբ նախատեսվում է միջազգային փաստահավաք առաքելության ժամանումը Արցախի Հանրապետություն:
Մենք գործ ունենք առնվազն երկու այդպիսի տերմինի հետ, որոնցից մեկը «ԼՂՀ օկուպացված տարածքներ» տերմինն է, որը հայ դիվանագիտությունը, ի դեմս փոխարտգործնախարար Շ.Քոչարյանի, արդեն դրել է շրջանառության մեջ: Ըստ այդմ, հարկավոր է առավելագույն հետեւողականությամբ այդ տերմինը տարբեր միջազգային կառույցներում կիրառության մեջ դնել` այն հակադրելով «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» եզրույթին:
Տեսեք. «ԼՂՀ օկուպացված տարածքներ» եզրույթը վերաբերում է ներկայիս ԼՂՀ Շահումյանի շրջանի հյուսիսային հատվածին, որը վերահսկում են ադրբեջանական օկուպացիոն ուժերը: Այդ տարածքում վերջին տարիներին ինտենսիվ վերաբնակեցում է իրականացվել: Այս տարածքի իսկական տերերը, որոնք 1992թ. ողբերգական անցքերի հետեւանքով վերածվեցին փախստականների, ներկայումս բնակվում են ԼՂՀ այդ նույն Շահումյանի շրջանի հարավ-արեւմտյան հատվածում (նախկին Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի շրջան): Փաստահավաք առաքելությանը պետք է հստակորեն ներկայացվի այս իրողությունը. սա ադրբեջանահայության իրավունքների մասին բարձրաձայնելու պատեհ առիթ է:
Եվ ապա. գոյություն ունի «ԼՂՀ սահմանադրորեն ամրագրված տարածք» տերմինը: Բանն այն է, որ տարածքները, որոնք անվանում ենք «ազատագրված», «ԼՂ-ին հարակից» կամ «անվտանգության գոտի», իրականում Արցախի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված են իբրեւ այդ երկրի անբաժանելի մաս, կազմում են հանրապետության չորս վարչական միավորների` Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի եւ Ասկերանի շրջանների մասը:
Հատկապես ընդգծենք. ներկայիս Արցախի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ-ը չէ: Այսպես կոչված «անվտանգության գոտու» կամ «ազատագրված տարածքների» իրավական պատկանելությունը Արցախին այլեւս անվիճարկելի է (մանավանդ դա ամբողջապես պատմական Արցախն է): Եվ հակառակը. անտրամաբանական է ներկայիս Արցախի Հանրապետության տարածքը նախկին ԼՂԻՄ-ի տարածքի հետ նույնացնելը: Գոյություն ունի Արցախ` պետական շինարարության ասպարեզում լրջագույն հաջողություններ ունեցող երկրորդ հայկական պետությունն իր 12000 քառ. կմ տարածքով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա