Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոն
Թուրքական Անթալիայում շարունակվող աշխարհի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, մինչև 77 կգ քաշային Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն` երկամարտում արձանագրելով 373 կգ արդյունք:
Պոկում վարժությունում հայ մարզիկը ցուցադրեց լավագույն արդյունքը` 173 կգ` 3 կգ-ով շրջանցելով հիմնական մրցակցին` չինացի Սյաոջուն Լուին: Առաջին փոքր ոսկե մեդալից նվաճումից հետո Տիգրան Մարտիրոսյանը փորձեց նվաճել նաև երկրորդը: Հրում վարժության առաջին փորձն անհաջող ստացվեց. նա չկարողացավ իր կամքին ենթարկել 200 կգ-անոց ծանրաձողը, մինչդեռ Լուն առաջին իսկ փորձից բարձրացրեց նշված քաշը և ստանձնեց առաջատարի դերը: Հայ դյուցազունը, սակայն, մտադիր չէր հանձնվել և երկրորդ փորձը հաջողությամբ ավարտեց: Երրորդ փորձի համար Տիգրանը պատվիրեց 205 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը: Լարվածությունը հասավ գագաթնակետին, քանի որ Սյաոջուն Լին դեռ երկու փորձի հնարավորություն ուներ:
Վերջինս նախապես պատվիրել էր 208 կգ` այն համոզմունքով, որ Տիգրանը, հավանաբար, կհաղթահարի 205 կգ-ի սահմանագիծը, սակայն իրադարձությունների ընթացքը նրան հուշեց երկու կիլոգրամով իջեցնել քաշը: Եվ նույնիսկ դա չփրկեց նրան: Լին երկու դեպքում էլ անհաջող գործեց, որի արդյունքում Տիգրան Գևորգի Մարտիրոսյանն արժանացավ աշխարհի չեմպիոնի կոչմանը` նվաճելով նաև փոքր արծաթե մեդալը: Սյաոջուն Լին երկամարտի 370 կգ արդյունքով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, իսկ լավագույն եռյակը 356 կգ-ով եզրափակեց եգիպտացի Թարեք Էհիան:
Մինչև 77 կգ քաշայինների պայքարում ընդգրկված էր նաև Գևորգ Դավթյանը: Պոկում վարժությունում հայ մարզիկը թիկունքի վնասվածք ստացավ և ձախողեց բոլոր փորձերը: Վնասվածքն այնքան լուրջ էր, որ մարզիչները որոշեցին նրան չթույլատրել` մասնակցելու հրում վարժությանը:
Այսպիսով` աշխարհի ընթացիկ առաջնությունում մեր մարզիկներից մեկն արդեն հաղթող է: Եվ ուրախալի է, որ նա այս սխրանքը գործեց Թուրքիայում` հնչեցնելով Հայաստանի օրհներգը և բարձրացնելով մեր եռագույնը: Հուսանք, որ մեր մարզիկներն այսպիսի հաղթական պահեր դեռ էլի կպարգևեն մեզ աշխարհի ընթացիկ առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները