Կահիրեում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որոնք իրականացվում են Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Հոսնիի բարձր հովանավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Կահիրեի օպերայի տան մեծ դահլիճում։ Հանդիսավոր արարողությունից հետո ընդգրկուն համերգային ծրագրով հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան)։
Ավելի քան 1500 հանդիսատեսները, որոնց թվում էին ԵԱՀ կառավարության անդամներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, եգիպտացի ճանաչված արվեստագետներ եւ արվեստասեր հասարակություն, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեծ ոգեւորությամբ եւ բուռն ծափահարություններով են ընդունեցին համույթի բազմաժանր կատարումները։ Համույթը շարունակելու է համերգները Դամանհուր և Ալեքսանդրիա քաղաքներում։
Մշակույթի օրերի շրջանակում«Էլ-Գոմհորիա» համալիրի սրահներից մեկում տեղի է ունեցել նաև Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված հայկական ճարտարապետությանը, որը նույնպես արժանացել է եգիպտացիների ջերմ ընդունելությանը։
Հայաստանի մշակույթի օրերի կապակցությամբ Եգիպտոսում էր գտնվում նաեւ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունն արդեն իսկ գործնական հանդիպումներ է ունեցել ԵԱՀ միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆայզա Աբուլ Նագայի, Կահիրեի նահանգապետ Աբդել Ազիմ Վազիրի, արտաքին մշակութային կապերի գծով ԵԱՀ մշակույթի փոխնախարար Հոսամ Նասարի, Կահիրեի օպերայի տան տնօրեն, միջազգային համբավ ունեցող արվեստագետ Աբդել Մոնեյմ Քամելի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական մշակութային համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշակի համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները