Տոնական համերգ` նվիրված Ուսուցչի օրվան
Հոկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու տոնական միջոցառում` նվիրված Ուսուցչի օրվան: Համերգային ծրագրից բացի լինելու է նաև պարգևատրումներ, մրցանակների հանձնում: Լավագույն երկու ուսուցչի հանձնվելու է ավտոմեքենա:
Այս մասին կառավարության նիստում հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Նման միջոցառումներով ցանկանում ենք խրախուսել մանկավարժներին և նրանց համար այդ օրը դարձնել իսկական տոն»,-ասաց նա:
Ուսուցչի համաշխարհային օրը, որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ.` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է ամեն տարի հոկտեմբերի 5-ին: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ.-ին` այդ օրը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և 100-ից ավելի պետություններ նշում են այն: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվելու է հոկտեմբերի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան