ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ ելույթ է ունենալու Երևանում
Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում համերգային ծրագրով հանդես է գալու ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումը` Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։
Համերգային ծրագրում հնչելու է Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք», Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժ», Նիկոլո Պագանինիի «Կոնցերտ թիվ 1 ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, ինչպես նաև հատվածներ Պ. Չայկովսկու «Կարապի լիճ», «Շչելկունչիկ» բալետներից, արիաներ Ժ. Բիզեի «Կարմեն» և Կ. Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերաներից։
Համերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Նշենք, որ ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումը ստեղծվել է 2007 թ.` ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: Նախագծին մասնակցում են 12 երկրից 108 երաժիշտ: Նվագախմբի կազմում ընդգրկված է 5 հայ երաժիշտ:
Նվագախումբը նախքան Հայաստան գալը, արդեն համերգներ է ունեցել Աստանայում, Աշխաբադում, Բաքվում: Իսկ առաջիկայում ԱՊՀ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբին սպասում են Կիևում և Մոսկվայում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները