Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» ութերորդ միջազգային թատերական փառատոնը
Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կմեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» ութերորդ միջազգային թատերական փառատոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՀԱՅ ՖԵՍՏ» ութերորդ միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: «ՀԱՅ ՖԵՍՏ-2010»-ին հանդես կգա 22 երկրից 33 թատերախումբ`այդ թվում Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Չեխիայից, Իրանից, Հայաստանից:
Փառատոնի նախագահի խոսքով, «ՀԱՅ ՖԵՍՏ-2010»-ն մյուս բոլոր փառատոններից տարբերվում է նրանով, որ այն ամենանորարարական է, այն չունի սահմանփակումներ, բազմաժանր փառատոն է, և ամենակարևորը, ունի եվրոպական ուղղվածություն:
Փառատոնի նախագահի խոսքով, փառատոնի շրջանակներում մոտ 15 բեմահարթակներում կցուցադրվեն 60 ներկայացումներ, որոնք կընդգրկվեն փառատոնի հիմնական և ֆրինջ ծրագրերում: Նա նշեց, որ այս տարի թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային ներկայացումներ, մատների թատրոն, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Նա նշեց, որ փառատոնին մասնակցում են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի թատրոններ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունից Իմիթեյթինգ դը Դոգ թատրոնը, Չեխիայից Լուդեմ թատրոնը և ԱՄՆ-ից Չառլզտաուն Ուորկինգ թատրոնը:
Ա. Ղուկասյանի խոսքով, «ՀԱՅ ՖԵՍՏ-2010»-ի առանձնահատկություններից է նաև այն, որ այս տարի կանցկացվի իրանական ներկայացումների հատուկ ծրագիր, որը կոչվելու է «show-case»:
Այս տարի փառատոնը կբացի իրանական Էմրուզ թատրոնի «Ավաժիկ` արտադրված է Իրանում» տրագիկկոմեդիան: «Սա մի լայնամասշտաբ բեմադրություն է, որտեղ ներգրավված են թելեր և գործվածքներ, իրանական հնագույն զարդանախշեր, 4 եղանակների վերարտադրումը ըստ գորգագործների`Ռումիի պոեզիայի համադրությամբ»,- հավելեց նա:
Նշենք, որ փառատոնը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները