Հայաստանի նկատմամբ որեւէ պատժամիջոց չի կիրառվելու
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգի եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ «Հայոց աշխարհը» զրուցել է ԱԺ Եվրաինտեգրացման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:
«Կոնկրետ Հայաստանին առնչվող որեւէ խնդիր` ոչ ուղղակի, ոչ անուղղակի, այս օրակարգում ներառված չէ, բայց մենք, իհարկե, կփորձենք տարբեր զեկույցների համատեքստում բարձրացնել մեզ համար գերակա խնդիրներ` Լեռնային Ղարաբաղ եւ այլն: Միակ բացառությունը հոկտեմբերի 5-ին մոնիտորինգի հանձնաժողովի նիստում նախատեսված քննարկումն է, որի օրակարգում, ինչպես գիտեք, ներառված է Եվրախորհրդի առջեւ մեր ստանձնած պարտավորությունների, բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը»:
Ն. Զոհրաբյանը հայտնել է, որ նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչը, որը կներկայացնի արտախորհրդարական ընդդիմության այդ հատվածի տեսակետը: Կլինեն մոնիտորինգի խմբի համազեկուցողները, այդ թվում` Լինդբլադը, որ, ըստ սեպտեմբերի 19-ին Շվեդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների, ներկայացված չի լինի նորընտիր խորհրդարանում, այդուհանդերձ ԵԽ ԽՎ կանոնադրության համաձայն, մինչեւ Շվեդիայի նոր պատվիրակության կազմավորումը նախորդ պատվիրակության իրավասությունները մնում են ուժի մեջ:
«Ճանաչելով Լինդբլադին, քաջատեղյակ լինելով նրա մղումներին, համոզված եմ, որ նա անպայման կմասնակցի հոկտեմբերի 5-ի նիստին` ավարտին հասցնելու իր սկսած «սուրբ գործը»: Հայաստանում չլինելը, խնդրո առարկային չտիրապետելը Լինդբլադին երբեք չի խանգարել ԵԽ ԽՎ ամբիոնից ապատեղեկատվություն տարածել` հակահայկական քարոզչություն իրականացնել Հայաստանի դեմ, հանդես գալ հակահայ նախաձեռնություններով եւ ընդհանրապես պահել իրեն որպես ադրբեջանական պատվիրակության դե ֆակտո լիիրավ անդամ»:
Ն. Զոհրաբյանը նաեւ վստահություն է հայտնել, որ ԵԽ ԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանի նկատմամբ որեւէ պատժամիջոց չի կիրառվելու: Ավելին` հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կկարողանանք իրականացնել մեր ստանձնած պարտավորությունները, եւ Հայաստանն ընդհանրապես դուրս կգա նույնիսկ սովորական մոնիտորինգի ընթացակարգից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա