Այսուհետ պետական և ոչ պետական բուհերի համար ստեղծվում է հավասար պայմաններով մրցակցային դաշտ
Այսուհետ պետական և ոչ պետական բուհերի համար ստեղծվում է հավասար պայմաններով մրցակցային դաշտ, որը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների և ուսանողների համար: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ մի շարք օրենքներում: Կառավարությունը հավանության արժանացրեց օրենքի նախագիծը, որը նախատեսված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Ա.Աշոտյանը տեղեկացրեց, որ դիմորդին հնարավորություն կտրվի հավասար պայմաններով մասնակցելու պետական եւ ոչ պետական բուհերի հավատարմագրված կրթական ծրագրերի ընդունելության մրցույթին: Դա նշանակում է, որ միասնական քննության արդյունքները անցողիկ կլինեն նաև ոչ պետական բուհերում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս նախաձեռնության նպատակն է ապահովել միասնական դաշտ պետական և մասնավոր բուհերի ընդունելության քննությունները կազմակերպելու համար:
«Նախարարության առջև խնդիր է դրված փուլ առ փուլ ներդնել նոր հայեցակարգ, որը ենթադրում է միասնական քննություններից հրաժարում և անցում միջազգային լավագույն չափորոշիչներին:Այդ դեպքում բուհերն են պատասխանատու իրենց ուսանողների ընտրության համար, ոչ թե պետությունը: Այդ անցումը մենք պետք է պլանավորենք»,-ասաց վարչապետը:
Ա.Աշոտյանը նշեց, որ օրենքի ընդունումը հրատապ է, ուստի այն պետք է ընդունել մինչև դեկտեմբերի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան