«Երևանը գիտության փառատոն 2010»` յուրահատուկ գաղափարներ, նորարարություններ ու հայտնագործություններ
Հոկտեմբերի 5-8-ը Երևանում առաջին անգամ անցկացվելու է «Երևանը գիտության փառատոն 2010» միջոցառումը` «Դեպի կանաչ տնտեսություն» նշանաբանով: Փառատոնը իրականացվելու է նույն օրերին կազմակերպվող «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ» միջազգային 2-րդ համաժողովի հետ համատեղ: Փառատոնը համակարգում է ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց փառատոնի նախաձեռնող խմբի քարտուղար Մարիետա Ավետիսյանը: «Փառատոնն այս տարի անցացվում է միայն Երևանում, բայց ցանկանում ենք այն դարձնել ավանադական ու նաև ամբողջ Հայաստանն ընդգրկենք: Փառատոնի նպատակն է գիտությանը և հասարակությանը ավելի մերձեցնել, ցույց տանք, թե ինչ է իրենից ներկայացնում գիտությունը: Մենք ներգրավվել ենք նաև դպրոցներին, այսինքն նպատակ ունենք աշակերտներին նույնպես ներգարվել գիտության մեջ: Դա կօգնի նրանց, որ հետագայում մասնագիտություն ընտրելու ժամանակ ճիշտ ուղղորդվեն»,- ասաց Մ. Ավետիսյանը:
Փառատոնին մասնակցել ցանկացողները (գիտնականներ, հետազոտողներ, ուսանողներ, դպրոցականներ, գիտատեխնիկական խմբեր, պետական և ոչ պետական հաստատություններ, գիտական կազմակերպություններ) մինչև հոկտեմբերի 27-ը կարող են ներկայացնել հայտեր: Նրանց նախագծերը պետք է իրենցից ներկայացնեն յուրահատուկ գաղափար, որևէ երևույթի, տեխնոլոգիական նմուշի կամ գիտական արդյունքի ցուցադրություն` որպես մի նորարարություն կամ հայտնագործություն:
Փառատոնի նախաձեռնող խմբի քարտուղարն ասաց նաև, որ արդեն հայտեր են ներկայացրել Կարինե Դանիելյանը («Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ), Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան, տարբեր ՀԿ-ներ, Միկրոբիոլոգիայի ինստիտուտը, Պոլիտեխնիկը և այլն:
Նախագծերը ներկայացվում են հետևյալ 5 բաժիններով` Երկիր մոլորակի ապագան երիտասարդների ձեռքում է, Բնագիտությունը` կանաչ տնտեսությանը, Դեպի հասարակական գիտակցության էկոլոգիզացիա, Գիտական արդյունքի առևտրայնացում, Արվեստի նմուշներ` «Կանաչ տնտեսություն» թեմատիկայով:
Յուրաքանչյուր նախագծի ցուցադրման համար հատկացվելու է առանձին էլեկտրավարդակ ունեցող 4քմ տարածք` ցուցատախտակ, սեղան, աթոռներ: Լավագույն նախագծերը կխրախուսվեն դրամական պարգևներով:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ցուցահանդեսներ, այցելություններ թանգարաններ և ՀՀ առաջատար գիտական կազմակերպություններ, հանդիպումներ հանրահայտ գիտնականների հետ, քննարկումներ, կլոր սեղաններ: Մ. Ավետիսյանն ասաց, որ փառատոնի վերջին օրը` հոկտեմբերի 8-ին, մասնակիցները կարող են անվճար այցելել թանգարաններ (11:00-16:30):
«Գիտության փառատոն» միջոցառումների շարքը սկիզբ է առել 2000թ-ից Մեծ Բրիտանիայից և այնուհետև տարածվել մի շարք երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ…:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան