Պարգևատրվեցին «Հեքիաթների աշխարհում» համահայկական մրցույթ - փառատոնի հաղթողները
Գեղագիտական Ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը:
Գեղագիտական Ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը նշեց, որ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանից, Արցախից և սփյուռքից` ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելառուսից, Վրաստանից Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից 1000-ից ավելի 6-12 տարեկան երեխաներ:
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը կարևորելով այս միջոցառումը, նշեց, որ շատ ուրախալի է, որ փառատոն-մրցույթին մասնակցել են ոչ միայն Հայաստանից և Արցախից, այլև ներկայացուցիչներ Սփյուռքից: Մ. Մկրտչյանը կոչ արեց նման փառատոնները դարձնել ավանդական:
Լևոն Իգիթյանն ասաց, որ ներկայացված հայտերից ընտրվել են շուրջ 160 լավագույն աշխատանքներ, որոնք օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 21-ը կցուցադրվեն Երևանի Գեղագիտական Ազգային կենտրոնում: Մրցույթին ներկայացված աշխատանքներից ընտրվել է 10-ը, 5-ը` Հայաստանից և Արցախից, իսկ 5-ը` սփյուռքից: Ընտրված 10-ը լավագույն աշխատանքների հեղինակներին հանձնվեցին պատվոգրեր և մրցանակներ:
Միջոցառմանը ներկա էր նաև մրցույթի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցիչը: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը 10-ը լավագույն աշխատանքների հեղինակներին ընկերության կողմից հանձնեց հիշարժան նվերներ: Նա նաև ընթերցեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի ուղերձը. «Մրցույթը ցույց տվեց տարբեր երկրների հայ երեխաների միասնական մոտեցումը հայ ժողովրդի ժառանգության` հայ մշակույթի, հեքիաթի և արվեստի հանդեպ: Հենց Դուք` հայ երիտասարդներդ, վաղվա այս երկրի վառ ապագայի պատասխանատուն եք: Տեսնում եմ, որ այն վստահելի ձեռքերում է»:
Մրցույթին հաղթող ճանաչված 10 լավագույն նկարներից մեկը հանձվեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ին:
Մրցույթ -փառատոնի կազմակերպիչներ են ՀՀ ԿԳՆ և Երևանի Գեղագիտական Ազգային կենտրոնը: Գլխավոր հովանավորը «ԱրմենՏել» ՓԲԸ-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին