Մենք համարում ենք, որ փոխզիջումը հաղթանակ է, և այս պայթյունավտանգ պայմաններում փոխզիջումը նշանակում է կյանք. Շվիդկոյ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի նախկին նախարարներն ամենևին չէին գերագնահատում իրենց հնարավորությունները, երբ 2007 թվականին նախաձեռնում էին հայ-ադրբեջանական մշակութային երկխոսությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:
Հիշեցնենք, որ Երևանում նախօրեին տեղի է ունեցել ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը` աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Այդ նվագախմբի հետ միասին Երևան են ժամանել նաև Շվիդկոյը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ԱՊՀ-ի հումանիտար համագործակցության խորհրդի տնօրեն, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը: Նվագախումբը մինչ այդ համերգով հանդես է եկել նաև Բաքվում:
«Մենք հասկանում էինք, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված քաղաքական որոշում կայացնողը նախագահներն են: Միաժամանակ, կարելի է կայացնել ճիշտ քաղաքական որոշումներ, որոնք, սակայն, ամողջական ծավալով չեն իրականացվի` եթե չստանան հասարակությունների աջակցությունը», - ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Շվիդկոյը` շարունակելով. - «Երբ Սերժ Սարգսյանը սկսեց շրջագայությունը Սփյուռքի համայնքներով` բացատրելու Հաայստանի ղեկավարության դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ, հիշում եք, անկասկած, որքան սուր կերպով դա ընկալվեց Սփյուռքում եւ Հայաստանում: Ցանկացած քաղաքական որոշում, նույնիսկ ամենալավն ու ճիշտը, կպահանջի հասարակության արձագանքը»:
Հարցին, թե ինչո՞ւ են մշակույթի գործիչները որոշել զբաղվել քաղաքականությամբ, Շվիդկոյը արձագանքել է.- «Մենք այդպիսի զգացողություն ունենք, ի տարբերություն քաղաքական գործիչների, որոնք առաջնորդվում են պրագմատիկ շահերով: Իսկ մեզ համար դա զգացողություն է, հոգեկան պահանջմունք»:
Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ներկա համերգաշարին, ապա, ըստ Միխայիլ Շվիդկոյի. - «Որքան էլ դա տխուր հնչի, տվյալ դեպքում մենք հանդես ենք գալիս որպես անվտանգության երաշխավորներ նվագախմբում ընդգրկված երեխաների համար, քանի որ վերջին քառորդ դարում առաջին անգամ հայ երեխաները նվագում էին Բաքվի ֆիլհարմոնիայում, իսկ ադրբեջանցի երեխաները այսօր հանդես են գալու Երևանում: Բայց սա ավելի շուտ հոգեբանական պահ է, քանի որ ե'ւ Բաքվում, ե'ւ Երեւանում գործ ունենք շատ բարյացակամ մարդկանց հետ»:
Ըստ Շվիդկոյի, հասկանալի է, որ Հայաստանում և Ադրբեջանում կան մարդիկ, ում համար խաղաղ կարգավորումը պարունակում է դավաճանության տարրեր, ովքեր փոխզիջումը համարում են պարտություն:
«Մենք համարում ենք, որ փոխզիջումը հաղթանակ է, և այս պայմաններում, երբ ամեն ինչ սրված է և պայթյունավտանգ, այն դառնում է բարձրագույն արժեք, քանի որ փոխզիջումը նշանակում է կյանք», - ասաց նա:
Միխայիլ Շվիդկոյի փոխանցմամբ, իրենք մտադիր են մի շարք մշակութային ձևաչափերում ընդգրկել հայ-արդբեջանական բաղկացուցիչը, ինչի համար կպահանջվի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքը. - «Այս շրջագայության փորձը ցույց տվեց, որ մարդասիրական առումով այդ բարի կամքը առկա է: Նախագահների համար շատ դժվար է վերջնական քաղաքական որոշում կայացնել, սակայն, կարծում եմ, կա գիտակցում, որ հասարակությունների միջև երկխոսություն է անհրաժեշտ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին