Հ.Աբրահամյան. «Փաթեթից հանվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը»
«Մեր առջև խնդիր է դրված պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման ու օտարացման ռիսկերից: Մյուս կողմից էլ չսահմանափակել միջազգային համագործակցությունը` սերունդներին կրթելու փորձի փոխանակումը, կրթության կազմակերպման հարցում լինել ճկուն, արագ, արձագանքման ընդունակ և մրցունակ: Այս առումով օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է հանրապետության նախագահի և կոալիցիոն մեր գործընկերների հետ, և հաշվի առնելով օտար լեզվով հանրակրթական ծրագրերի իրականացման հարցի օրենսդրական կարգավորման շուրջ արտահայտված հանրային բազմակարծությունը, հայեցի լեզվամտածողության ձևավորման ձգտումը և ցանկություն ունենալով հասնել որակյալ ազգային կրթության համաչափ զարգացմանը, առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետևյալ մոտեցումները»,- Ազգային Ժողովում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ նրա ելույթը նվիրված էր «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծին, որին նվիրված էլ հրավիրվել էին խորհրդարանական լսումները:
ԱԺ նախագահն իր ելույթում տեղեկացրեց ներկաներին, որ հարցըն այսուհետ կարգավորվելու է միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու միջոցով, քանի որ օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, ինչն էլ, հիշեցնենք, ամենից շատն էր անհանգստացնում նախագծին դեմ արտահայտվողներին:
Ինչ մնում է «Հանրակրթության մասին» օրենքին, ապա, ըստ Հ.Աբրահամյանի, դրանում անհրաժեշտ է սահմանել` այլընտրանքային կրթական ծրագիր, հեղինակային կրթական ծրագիր, փորձարարական կրթական ծրագիր և միջազգային կրրթական ծրագիր հասկացությունները:
«Այլընտրանքային ու միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձևավորված հայեցի լեզվամտածողության հիմքի վրա: Անկախ հանրակրթական ծրագրից և ուսումնական հաստատության ձևից, ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պետք է պարտադիր լինի և համապատասխանի պետական կրթական չափորոշիչի պահանջներին, ինչպես սահմանված է օրենքում: Կարծում եմ սա կարող է սփյուռքահայության համար հնարավորությունների դաշտ ստեղծել` հայրենիքում կրթություն ստանալու և աստիճանաբար հայեցի կրթության անցնելու համար»,- նշեց ԱԺ նախագահը:
Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել կամ և հիմնադրել միջազգային ծրագրերով դպրոցներ, երբ պետական միջոցներ չեն դրվում այդ ծրագրերի վրա, այսինքն հազար չորս հարյուր հանրակրթական դպրոց շարունակում են գործել բացառապես հայեցի հենքով. «Կարծում եմ առաջընթացի ցանկացած ձգտում կարող է արդարացված լինել, եթե տեսանելի են հեռանկարներն ու հետևանքները և համոզված եմ, որ այսօրվա քննարկումներն առաջին հերթին հենց միտված կլինեն դրանց բացահայտմանը»,- հավելեց պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան