Ա.Աշոտյան. «Լավ է, որ հիշեցին «Լեզվի մասին» օրենքի գոյության մասին` այն փոփոխության կարիք ունի»
Միայն «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծն էր այսօր խորհրդարանական լսումների քննարկման առարկան դարձել, քանի որ որոշում է կայացվել նախագծից հանել «Լեզվի մասին» օրենքը: Սակայն, ինչպես իր ելույթում նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սա չի նշանակում, թե «Լեզվի մասին» օրենքը փոփոխության կարիք չունի. «Դա կարվի այս փաթեթից դուրս»,- տեղեկացրեց նախարարը:
Ինչո՞ւ «Լեզվի մասին» օրենքը հանվեց փաթեթից: Այս հարցը, թերևս, ամենից շատն էր հետաքրքրում լսումների ներկաներին, հատկապես այն հատվածին, որ ի սկզբանե պայքարում էր դրա դեմ: Ըստ նախարարի` դա քաղաքական և իրավական որոշում էր. «Քննարկումների արդյունքում ևս մեկ դրական միտում արձանագրվեց` շատերը հիշեցին, որ գոյություն ունի նման օրենք և բացի հիշելուց անգամ կարդացին այն ու հասկացան, որ անկախ մեր օրենսդրական նախաձեռնությունից օրենքն ունի փոփոխությունների կարիք»,- նշեց նա ու կրկնեց` փոփոխությունները, սակայն, այս նախագծից դուրս են:
Նա նաև հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ ևս առաջարկություններ նախարարությունը կստանա:
Մյուս հարցը, որ նախագծի քննարկման առաջին իսկ օրվանից նախագծի ընդդիմադիրներն առաջ են քաշել հետևյալն է` արդյո՞ք ուսուցման լեզուն ուղղակիորեն կապված է ուսման որակի հետ: Նախարար Աշոտյանը, որը նման հարցադրումները պրովոկատիվ է համարում, իր ելույթում ևս անդրադարձավ դրան. «Կրթության որակը կապ չունի այն բանի հետ, թե ի՞նչ լեզվով է կրթական ծրագիրը յուրացվում և դա ակնհայտ աքսիոմա է»,- հայտարարեց նա: Որպես օրինակ էլ բերեց վերջին վարկանիշային օրինակները, համաձայն որոնց անգլախոս երկրները կրթական մակարդակով առաջին եռյակում չեն` այդ թվում նաև ԱՄՆ-ն, Միացյալ թագավորությունը և այլն:
Այսինքն` լեզուն կապ չունի կրթության որակի հետ, բայց մյուս կողմից էլ, ըստ նախարարի, այդ հանգամանքը պետք չէ անտեսել, քանի որ այն զուգահեռաբար առկա է. «Խոսքն ամենևին էլ նրա մասին չէ, որ օտար լեզվով կրթություն դասավանդվի, այլ ընդամենը օտար լեզուների տիրապետման մասին է, և այդ խնդիրը կարելի է լուծել և’ հայկական դպրոցում, և’ բոլոր այլ տեսակի դպրոցներում»,- ավելացրեց Ա.Աշոտյանը:
Իսկ վերջում նախարարը մեջբերեց համեմատական վերլուծությունների տվյալներ, համաձայն որոնց 16-35 տարիքային խմբում ամենացածր լեզվաիմացության մակարդակը Հայաստանում է` Վրաստանի ու Ադրբեջանի համեմատությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան