«Շանհայ էքսպո- 2010» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը մեծ հաջողություններ է ունեցել
«Շանհայ էքսպո- 2010» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը մեծ հաջողություններ է ունեցել: Ինչպես սեպտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում ՀՀ կազմկոմիտեի անդամ, «Բի լայն» ընկերության նախագահ Հայկ Խանջյանը, սեպտեմբերի 20-ի դրությամբ ցուցահանդեսի 54 մլն այցելուներից Հայաստանի տաղավար է այցելել 2 մլն մարդ: Դա, ըստ Հ. Խանջյանի, բավականին մեծ թիվ է, քանի որ հայկական տաղավարը զբաղեցնում է ընդամենը 350 քմ տարածք:
Նրա խոսքերով, Հայաստանի տաղավարի թեման, բազմաթիվ կազմակերպիչների գնահատականներով, համարվում է լավագույնը, քանի որ այն համընկնում է Շանհայի ցուցահանդեսի «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» կարգախոսին: Ի դեպ, առաջին անգամ է, որ նման խոշոր ցուցահանդեսում ընտրվել է ոչ միայն իրական ցուցահանդեսի տարբերակը, այլ նաև` վիրտուալ: Այդ կերպ, ըստ Հ.Խանջյանի, կազմակերպիչները փորձել են տաղավարները վիրտուալ ձևով հասանելի դարձնել բոլորին: Բացի դրանից, նախատեսվում է վիրտուալ տաղավարները պահպանել առաջիկա 5 տարիների ընթացքում` մինչև հաջորդ ցուցահանդեսը:
Հ.Խանջյանը տեղեկացրեց, որ հայկական տաղավարում 6 ամսվա ընթացքում անցկացվել են «Ծիրանի ծառ», «Ոսկի և մետաքս», «Հայաստան` առողջության քաղաք», «Հայաստանը Աֆրիկայի համար», «Վերադարձ ակունքներին» և այլ միջոցառումներ: «Շանհայ էքսպո օն-լայն» բյուրոյի կողմից Հայաստանի վիրտուալ վիրտուալ տաղավարի գերազանց կազմակերպման և ներկայացման համար հայկական կողմին շնորհվել է գլխավոր մրցանակ։ Սա հայկական պատվիրակության միակ նվաճումը չէ.1 ամիս առաջ վիրտուալ տաղավարն իր տեխնոլոգիական լուծումների և դրանց լավագույնս իրականացնելու համար արժանացել է արծաթե մեդալի:
«Մայիսից գործող հայկական տաղավարում անընդհատ հերթերը չեն պակասում, ինչը վկայությունն է մեր ցուցադրանքի նկատմամբ եղած մեծ հետաքրքրության»,- նշեց Հ.Խանջյանը: Ըստ նրա, տաղավարի ամենահետաքրքրական նախագիծը «Աշխարհի քաղաքն» է՝ իր քառասուն թաղամասերով, կառուցված տարբեր երկրների քաղաքաշինական լուծումներով։ Դա մի նախագիծ է, որի միջոցով կարելի է միավորել ժողովուրդներ և ազգեր` ցույց տալով, թե ինչպես կարելի է կառուցել ապագայի քաղաք՝ համերաշխության հիմքի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա