Թուրքիայի հետախուզական մարմնում հայտարարվել է հայերեն իմացողների հավաք
Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունը (MİT- բառացի` Ազգային հետախուզական կազմակերպություն) հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ` հայտնելով պահանջվող լեզուների տիրապետող անձանց հավաքագրելու պատրաստակամության մասին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «ՍոնԴաքիքա» (SonDakika) լրատվական կայքը, «MİT»-ը պատրաստ է ծառայության վերցնել եբրայերեն, հայերեն, քրդերեն, վրացերեն, ռուսերեն, չինարեն, հունարեն, պարսկերեն կամ արաբերեն լեզվին տիրապետող անձանց, եթե նույնիսկ տիրապետման մակարդակը ցածր է: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 8-ը: Ընդունելության համար կարևոր նախապայման են Թուրքիայի քաղաքացի լինելը, 35 տարեկանից ցածր չլինելը և առնվազն միջնակարգ կրթություն ունենալը:
Պատկան մարմինների պարզաբանմամբ` վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր դերակատարում ստանձնած երկրների լեզուներով մասնագետներ ունենալը Թուրքիայի համար պետական նշանակություն է ձեռք բերել: