Իրանի Պաշտպանության նախարարը Ռուսաստանին անվանել է «անվստահելի» գործընկեր
Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, թե Ռուսաստանի որոշումը չվաճառել Իսլամական հանրապետության S-300 հակաօդային պաշտպանության համակարգերը խոսում է այդ երկրի «անվստահելիության» մասին:
Այս մասին հաղորդում է Ֆարս(FARS) գործակալությունը:
«Այդ արարքով նրանք ցույց տվեցին, որ արժանի չեն վստահության, ինչը մենք, իհարկե, գիտեինք», - հայտարարել է Վահիդին, հավելելով, թե Ռուսաստանը ի վիճակի չեղավ պահպանել իր անկախությունը նույնիսկ այսպիսի հասարակ հարցում:
Հիշեցնենք, ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովն հայտարարել էր, թե Իրանի նկատմամբ ընդունված ՄԱԿ պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի կողմից կասեցվում է Իրանին S 300 համակարգերի վաճառքի գործարքը: Ավելի ուշ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գործարքը չեղյալ համարող համապատասխան հրամանագիր էր ստորագրել: