Կրթության որակը կբարձրանա, երբ … Ե՞րբ
Այն օրվանից, ինչ կառավարությունը նախաձեռնեց օտարալեզու դպրոցների վերաբացման գործընթացը` հայտնի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալով, հանրակրթության որակի քննարկումը դարձել է ամենօրյա զբաղմունք: Բոլորը քննարկում են, որ որակը Հայաստանում սարսափելի է և խայտառակ ու փորձում հասկանալ, թե ե՞րբ է սպասելի որակի բարձրացումը: Իսկ քանի որ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն այսօր ԿԳ նախարարությունն է, իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ այսօր խորհրդարանական լսումների հիմնական զեկուցողն էր, բնական է, այս հարցադրումը ևս հնչեց:
Հարցադրման հեղինակն էլ ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանն էր, որը օտարալեզու դպրոցների վերաբացման նախագծի ակտիվ ընդդիմադիրներից մեկն է:
Նախարար Աշոտյանը հարցը բաժանեց երկու հատվածի` նախ, չանտեսեց քաղաքական ենթատեքստը, երկրորդն էլ պատասխանեց իր պաշտոնական լիազորությունների շրջանակում:
Ըստ այդմ, արձագանքելով հարցին, թե ե՞րբ, ըստ նրա, որակը կբարձրանա, նշեց. «Շատ մարդկանց համար արդեն նախընտրական էտապ է, երբ հայտարարություններ են անում և այլն, սակայն ես այսօր չեմ հայտարարելու, թե քանի տարվա մեջ կրթության որակը կբարձրացնենք, որովհետև նման տեսակի հայտարարություն անելու համար երկու շարժառիթ է պետք` կա’մ մեկնություն ունենաս կամ քաղաքական շահագրգռվածություն: Ես աշխատելու շահագրգռվածություն ունեմ»: Իսկ շարժառիթներից անցնելով կոնկրետ հարցի պատասխանին, նշել, թե` «մի ծաղկով գարուն չի գալու, մի ձեռքով էլ ծափ չեն տալիս…»:
Լիրիկական այս տրամադրությունը, սակայն, չշեղեց նախարարին բուն խնդրից` կրթության որակն իսկապես ցածր է, բայց պատասխանը որպես հստակ դեղատոմս դժվար է ընկալել:
Ըստ Ա.Աշոտյանի` որակը կտրուկ կբարձրանա այն ժամանակ, եթե վաղը «ՀՀ բոլոր ուսուցիչները, ծնողները, աշակերտները, տնօրենները, իրենց հարևանները, բարեկամներն ու ազգուտակը արթանան ու սկսեն իրենց մենթալիտետի մեջ, սուրճի գավաթի շուրջ խոսելիս` խոսեն գիտելիքի ու դրա կարևորության մասին»:
«Իսկ մենք այսօր չունենք գիտելիքի նկատմամբ ձևավորված պահանջարկ` ոչ տնտեսական, ոչ հասարակական հստակ պահանջարկ: Կներեք, նաև անձնական պահանջարկ»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան