Ադրբեջանը մերժում է երեք սկզբունքներից երկուսը և ձգտում գլխիվայր շուռ տալ բանակցային գործընթացի էությունը. Նալբանդյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հինգերորդ նստաշրջանում ունեցած իր ելույթում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա հակամարտությանը: Նա նշել է, որ երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Նրանք պայքարել են ազատության իրենց իրավունքի համար` դիմակայելով Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմին:
«70 տարի շարունակ նրանց հալածում էին, ձգտում բնաջնջել իրենց իսկ պատմական հայրենիքից: Այդ նպատակով Ադրբեջանն անգամ դիմել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությանը», -հավելել է արտգործնախարարն` ընդգծելով, որ այդ ժամանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր պայքարելու հանուն իր ինքնորոշման իրավունքի իրացման, քանի որ մերժում էին անգամ իր գոյություն ունենալու իրավունքը:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ըստ Նալբանդյանի, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված հիմնարար և անքակտելի իրավունք է: Նալբանդյանը հիշեցրել է հուլիսին Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված խորհրդատվական որոշումը, որը նրա խոսքով, վերահաստատել է ՄԱԿ-ի հիմնադիրների իմաստնությունը, առ այն, որ «աշխարհում խաղաղության և կայունության ապահովման հիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որևէ կերպ չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ սկզբունքներին»:
«Եկեք իրատես լինենք, -իր ելույթում նշել է նախարար Նալբանդյանն ու հավելել, - Որևէ մեկը չի կարող մեկընդմիշտ ասել, որ սա ինքնորոշման իրականացման վերջին դեպքն է: Որևէ մեկը չի կարող կանգնեցնել պատմության առաջընթացը. հակառակ դեպքում այս կազմակերպությունում չէին լինի 192 անդամ երկրներ հիմնադրման ժամանակ եղած 51-ի փոխարեն»:
Նա ներկայացրել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` միջազգային մանդատ ունեցող միջնորդությամբ, որոնք շարունակում են հետևողական ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:
Մատնանշելով հուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, Նալբանդյանն ասել է, որ այդ հայտարարությամբ համանախագահները վերահաստատել են, որ առաջարկված սկզբունքները և դրույթները մշակվել են որպես մեկ ամբողջություն, և որևէ մեկին մյուսների հանդեպ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը: «Հայաստանը լիովին համամիտ է այս տեսակետին` շարունակելու բանակցությունները դրա հիման վրա` փնտրելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում», հավելել է նախարարը ու հայտարարել.
«Ցավոք, Ադրբեջանը մերժում է նշված երեք սկզբունքներից երկուսը և ձգտում գլխիվայր շուռ տալ ոչ միայն բանակցային գործընթացի էությունը, այլ նաև խեղաթյուրել հակամարտության բնույթը տարբեր միջազգային հարթակներում, ներառյալ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ինչպես այստեղ նորից տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ, նաև երկու օր առաջ: Այդ երկիրը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` հակամարտության հետևանքները ներկայացնելով որպես դրա պատճառներ:
Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները և Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճը միայն սրում են իրավիճակը` մեծացնելով տարածաշրջանում արդեն իսկ փխրուն կայունության շուրջ մտահոգությունները: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները: Նման դիրքորոշմամբ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը:
Նավթային եկամուտներից ստացվող գումարները ուղղվում են ռազմական նոր ավանատյուրաների ֆինանսավորմանը: Մենք բոլորս էլ գիտենք նման արկածախնդրության հետևանքները:
Ադրբեջանը պետք է զերծ մնա կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից ու շրջանակներից այլ ձևաչափեր տեղափոխելու շարունակական փորձերից և սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից ու գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը կարողանա առաջ ընթանալ առավել կառուցողական և արդյունավետ ուղիով:
Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը համարվում է քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հայեցակարգը, այլ քաղաքակրթական արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության միտումնավոր, շարունակական վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվի նույն հաստատակամությամբ, ինչպես ժողովրդի դեմ բռնությունը:
Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջևանում հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը այդ ոճրագործության ակներև արտահայտությունն է:
Միջնադարյան հազարավոր նմանատիպ հսկա քանդակներ են հողին հավասարեցվել Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, և այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում