Ստոմատոլոգների ասոցիացիան 15 տարեկան է. Պարգև ասոցիացիայի նախագահին
Այս տարի լրանում է Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի հիմնադրման 15 տարին: Այդ իսկ պատճառով, Հայաստանում և Արցախում հայտարարվել է ստոմատոլոգիական շաբաթ:
Իսկ այսօր և վաղը մայրաքաղաքում կանցկացվի Ստոմատոլոգների 3-րդ Համահայկական հավաք և 7-րդ Միջազգային կոնգրես:
Ամերիկյան համալսարանում կայացած 3-րդ Համահայկական հավաքի և 7-րդ Միջազգային կոնգրեսի պաշտոնական բացման արարողության ժամանակ այս մասին ասաց ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը:
Համահայկական հավաքին և միջազգային կոնգրեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել ոլորտի անվանի մասնագետներ: Երկու օր շարունակվող հանդիպումների շրջանակներում հանրապետություն ժամանած հյուրերը հանդես կգան զեկույցներով, իսկ հայ մասնագետների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ` մաստեր կլասներ:
Ստոմատոլոգների 3-րդ Համահայկական հավաքին և 7-րդ Միջազգային կոնգրեսին ներկա էր նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Վերջինս իր ելույթում շնորհավորեց ասոցիացիայի անդամներին, ողջունեց հյուրերին:
Հ. Քուշկյանը առողջապահության նախարարության հուշամեդալով պարգևատրեց ասոցիացիայի նախագահ Ա. Գևորգյանին և շնորհակալագիր հանձնեց բժիշկ-ստոմատոլոգ Վալերի Տատինցյանին:
Նշենք, որ այսօր և վաղը գործելու է նաև ստոմատոլոգիական գործիքների և նյութերի ցուցահանդես: Բացի այդ, արտասահմանից ժամանած մասնագետները կմեկնեն ԼՂՀ, որտեղ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ:
Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին` առավոտյան ժ. 11-ին, Ղարաբաղի բոլոր երեխաները (10500) նույն ժամին, ստոմատոլոգների հսկողությամբ, մաքրելու են իրենց ատամները: Բոլորին նախօրոք բաժանվելու է ատամի խոզանակ և մածուկ: Բացի այդ, հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում շարունակվելու է գիտական նիստը:
Արցախում կազմակերպվելիք շրջագայությունից հետո կվերադառնան մայրաքաղաք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան