Թերապևտ, թոքաբան. «Մեր իմունային համակարգը չի հասցնում հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին»
«Երևանը գեղեցկանում է, բայց և նմանվում է մի կնոջ, որն արտաքինից խնամված է, բարետես, իսկ ներսից` լուրջ հիվանդ»: Այսպես է գնահատում մեր քաղաքի բնապահպանական ներկա վիճակը առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
Բնության օրենքները ոչ ոք իրավասու չէ փոխել: Ոչ թե բնությունը պետք է հարմարեցնել քաղաքաշինությանը, այլ ճիշտ հակառակը, հիշեցնում է բժիշկը:
Որպես այս ամենի հետևանք, նա նշում է, որ յոթ տարվա կտրվածքով բրոնխյալ ասթմայով հիվանդների թիվը Երևանում երկու անգամ մեծացել է, նկատվում է քաղցկեղի, երիկամային հիվանդությունների աճ, շատ տարածված են մեր քաղաքում նաև շնչառական, սիրտանոթային, իշեմիկ հիվանդությունները: «Դա ոչ թե մեր վատ ապրելու պատճառով է, այլ այն, որ մեր իմունային համակարգը չի հասցնում հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին»,- ասում է թերապևտ, թոքաբանը:
Երևանում այսօր ստեղծված բնապահպանական անբարենպաստ վիճակի հարցում իր տխուր մասնակցությունն ունի նաև շարքային երևանցին: Ըստ Անդրանիկ Ոսկանյանի, շատ հաճախ խոսելով բնապահպանական խնդիրների մասին, մենք պատկերացնում ենք միայն շրջակա միջավայրի աղտոտումը` անտեսելով բնապահպանական մեկ այլ, ոչ պակաս կարևոր տարր: Դա սոցիալական էկոլոգիան է: Մեր գենետիկ կուլտուրան բարձր է, համոզված է բժիշկը, սակայն ցածր է կենցաղային կուլտուրայի մակարդակը:
Թվում է` բժշկի, երևանցու, մտավորականի առաջարկածը պարզ դեղատոմս է` երաշխավորված արդյունքով: Բայց ինչպես առողջության հարցում, քաղաքի դեպքում էլ, երևանյան արմատացած վատ սովորության համաձայն, կարծես սպասում ենք` դանակը ոսկորին հասնի, որ նոր միայն գործնական քայլեր ձեռնարկենք` արդյունքի հարցում էլ արդեն վստահ չլինելով:
Ըստ նրա ախտորոշման` Երևանի այսօրվա էկոլոգիական վիճակը շատ բարդ է, բայց ոչ անհուսալի: Իսկ այդ բարդությունը պայմանավորված է մի շարք գործոններով` սկսած քաղաքաշինությունից մինչև հասարակության անդամների բնապահպանական կրթությունը: Անդրանիկ Ոսկանյանը կարծում է, որ քաղաքաշինությունը հասարակության նվաճումն է և սեփականությունը, սակայն այսօր այն ենթարկվում է ոչ թե բնական օրենքներին, այլ բացասական էներգիաների կուտակումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում