Դավութօղլուն Հարվարդի համալսարանում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին
Թուրքական «Թումգազեթելեր» (Tumgazeteler) լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Հարվարդի համալսարանում հանդիպել է թուրք ուսանողների և դասախոսական կազմի հետ: Ավելի քան 200 գիտնականների և ուսանողների ներկայությամբ Անկարայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ելույթ ունենալուց հետո Դավութօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
«Մեր հարաբերություններում նպատակադրվել էինք երեք մակարդակի կարգավորման հասնել: Առաջին` Հայաստանի և հայ-թուրքական հաբերությունները կարգավորվեն ողջ աշխարհում: Բոստոնում, Կալիֆորնիայում, Փարիզում և ամեն տեղ, որտեղ հայեր ու թուրքեր կան»,- ասել է Դավութօղլուն:
Վերջինս հիշեցրել է, թե պատմության ընթացքում դարեր շարունակ հայերն ու թուրքերը կողք-կողք են ապրել, իբրև թե առանց խտրականության դրսևորումների: «Նախևառաջ հայերը մեր դրկից հարևանն են: 1915 թվականին ողբերգություն է եղել: Այո, մենք այդ ցավն ապրել ենք և պատրաստ ենք կիսել այդ ցավը: Բայց ոմանք մեզ մեղադրում են ցեղասպանություն գործելու մեջ: Բայց տեսեք, թե ինչ պատահեց նույն այդ տարիներին թուրքերի հետ Կովկասում և Բալկաններում: Բայց մենք չենք մեղադրում բալկանյան ժողովուրդներին», - ասել է Դավութօղլուն` նշելով, որ իրենք պատրաստակամ են քննարկել 1915-ին կատարվածը:
Աղբյուրի համաձայն` Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին ու հայությանը զգուշացրել է. «Դռները մի փակեք ու մի մեղարդեք: Միևնույն ժամանակ լսեք նաև»:
Ըստ Դավութօղլուի` Հայաստանն ամեն անցնող օր ավելի է աղքատանում, բայց իրենք, որպես հարևաններ, պատրաստ են համատեղ աշխատել: Նրա գնահատմամբ` տարածաշրջանային խաղաղության համար կարևոր պայման է հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը:
«Ամենքն էլ պետք է մեկը մյուսի տարածքի հանդեպ հարգանք ցուցաբերի: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն անհրաժեշտ է կարգավորել: Այդ երկու ժողովուրդների միջև կարգավորում չապահովելով` միոտանի համագործակցություն կլինի»:
Հանդիպումից հետո Դավութօղլուն ելույթով հանդես է եկել համալսարանին կից գործող Ջոն Քենեդու անվան դպրոցում, որի ժամանակ ևս անդրադարձել է հայ-թուրքական թեմային: Դավութօղլուն հիշատակել է 2007 թվականին Շվեյցարիայի միջնորդությամբ ընթացած հայ-թուրքական բանակցությունները և արձանագրությունների ստորագրումը` որպես հարաբերությունների կարգավորման ջանքեր:
Մատնանշելով, որ և հայկական, և թուրքական կողմի համար քաղաքական խոչընդոտներ ստեղծվեցին այդ ընթացքում, բայց, այնուամենայնիվ, արձանագրությունները դեռ տապալված չեն: Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է քաղաքական այն մեծ ռիսկի առկայությունը, ոը պայմանավորված էր այդ երկրում հայկական ու կիպրական հարցրերի ստատուս քվոն փոխելու հետ: