Այսօր Խանտի Մանսիյսկում կընտրեն ՖԻԴԵ-ի նախագահին
Համաշխարհային շախմատային 39-րդ Օլիմպիադայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկում այսօր տեղի կունենան ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները: Արդեն երեկ սկսվել է նախապատրաստությունը այդ կարևոր իրադարձությանը: Դահլիճում, որտեղ ընթանում է համաժողովը, տեղադրվել են քվեատուփեր: Իսկ քարտուղարությունը երեկվա ընթացքում ընդունում էր այն երկրների լիազորագրերը, որոնց ներկայացուցիչներն այս կամ այն պատճառով չեն ժամանել Խանտի Մանսիյսկ:
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնին հավակնում են Միջազգային շախմատային ֆեդերացիայի ներկայիս ղեկավար Կիրսան Իլյումժինովը և աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը: Հաղթանակի համար անհրաժեշտ կլինի ստանալ 82 երկրի աջակցություն:
Համաժողովի շենքում հայտնվել են քարոզչական թերթիկներ` իրենց բովանդակությամբ վկայելով, որ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունը քաղաքական երանգ է ձեռք բերում: Համաժողովի մասնակիցները կարծում են, որ ընտրություններն անկանխատեսելի ընթացք կունենան:
«Թեկնածուները գայթակղիչ նախագծեր են ներկայացրել: Կիրսան Իլյումժինովը հաղթանակի դեպքում շախմատային դպրոցներ կհիմնի բոլոր մայրցամաքներում: Անատոլի Կարպովը պատրաստվում է հանել կոնգրեսականների և շախմատիստների անդամավճարները: Օրինակ` աշխարհի գավաթի խաղարկությունում հավաքականը մասնակցության համար վճարում է 10 հազար եվրո անդամավճար»,- նշել է Եթովպիայի ներկայացուցիչ Յոզեֆ Դեյմոն:
«Մենք քվեարկելու ենք հանուն շախմատային ֆեդերացիայի ապագայի, իսկ թե ինչպիսին կլինի այն, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշել ինքնուրույն: Պայքարը միանշանակ լարված կլինի: Թեկնածուներն ինտելիգենտ մարդիկ են»,- ասել է Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Սերգիևը:
Քվեարկությունը կսկսվի այսօր և կտևի մի քանի ժամ: Ձայների հաշվարկը կկատարվի կեսօրին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան