Ադրբեջանը Իրանի հետ վիզային ռեժիմի վերացումը կապում է ԼՂ հակամարտության հետ
Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը, այժմ Իրանը սպասում է, որ Ադրբեջանն էլ նույնը կատարի Իրանի քաղաքացիների նկատմամբ:
Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգին:
«Ներկայում Ադրբեջանը Իրանի քաղաքացիների համար չի վերացնի վիզային ռեժիմը, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են պատերազմական պայմաններում:
Այն ժամանակ, երբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Իրանը կլինի առաջին երկիրը, որի հետ Բաքուն կվերացնի վիզային ռեժիմը»,-իրանցի պաշտոնյային պատասխանել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազլ Ղարաևը: