Ա. Ջիգարխանյան. «Ես չգիտեմ ինչ է սերը. հիվանդություն է, երջանկություն է...»
Գինեսի ռեկորդակիրների գրքում արձանագրվածը հաստատում է, որ Արմեն Ջիգարխանյանն առանձնանում է մարդուն ոչ բնորոշ աշխատասիրությամբ. ամենահաճախ նկարահանվող դերասանը ավելի քան 250 դեր է կատարել: Նա չի պատրաստվում կանգ առնել. ամբողջ ամառ նկարահանվել է «Թող չավարտվի սերը» սերիալում: Այսպես է նկարագրել ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթը հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին, ով հոկտեմբերի 3-ին դառնալու է 75 տարեկան:
«Դերասանությունը, ընդհանուր առմամբ, փոքր-ինչ վախենալու բան է: Մենք` դերասաններս, ինչո՞վ ենք զբաղվում: Հորինում ենք անիրական աշխարհ ու շրջապատին ներգրավում այդ ստի մեջ: Նիցշեն ասել է. «Արվեստը մեզ հարկավոր է, որպեսզի չմեռնենք ճշմարտությունից»: Սարսափելի արտահայտություն է»,- թերթի հետ զրույցում ասել է դերասանը:
Ի՞նչ է սերը հարցին, դերասանն ուղղակի պատասխանել է. «Ինչ-որ մեկը սրամտորեն ասել է. «Պետք չէ բաժանել ծիածանը բաղադրիչ մասերի` հրաշքը կկորի: Այդպես էլ սիրո մասին կարելի է ասել. ես չգիտեմ ինչ է սերը. հիվանդություն է, երջանկություն է», այնուհետև շարունակել է. «Ինչո՞ւ երեկ կամ այսօր նրանք առանց իրար չէին կարողանում ապրել, իսկ վաղը` մեկ էլ թշնամանում են: Մեզ բնությունն այդպես է առաջարկել: Կան էգ և արու կենդանիներ: Նրանց` միմյանցով տարվելը, ամենաանհնարին պատմություններից մեկն է, որը հորինել է վերևում նստած մորուքավոր պապիկը: Եվ ոչ ոք մինչև օրս չի կարողանում դրանից գլուխ հանել: Գիտե՞ս` որն է սիրո ամենաբարձր արտահայտությունը` երբ դու համբուրում ես քո երեխայի հետևը: Դրանում է կայանում ճշմարտությունը»:
Խոսելով տարիքի, միայնության մասին, Ա. Ջիգարխանյանն ասել է. «Մի անգամ Հայաստան եկավ հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը: Երիտասարդ դերասաններն ու ռեժիսորները ցանկացան խոսել նրա հետ: Այդ օրը իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը դարձավ: Այդ ժամանակ Սարոյանն ասաց մի արտահայտություն, որը մինչև օրս հիշում եմ. «Երբ դու լինես վերջնականապես միայնակ, այդ ժամանակ էլ կդառնաս աշխարհի ամենաերջանիկ մարդը»: Սարսափելի արտահայատություն է: Բայց այժմ, երբ ես 75 տարեկան եմ, քիչ-քիչ մոտենում եմ դրան: Այո, ինձ դուրս է գալիս նստել, խոսել: … Բայց սրտիս խորքում հստակ հասկանում եմ, որ իրականում ես երազում եմ այն մասին, որ խոսակցությունը շուտ ավարտվի ու ես գնամ նստեմ, հետո պառկեմ: … Լինեմ մենակ: Միայնակ»:
«Գիտես` ո՞րն է աշխարհի ամենավախենալու արտահայտությունը. «Ես այնպես եմ ուզում մահանալ»: Ոչ մի մարդ, ով ուզում է մահանալ, այդ արտահայտությունը չի ասի: Որովհետև չկա այնպիսի մարդ, ով իրականում ցանկանա մահանալ»,- ասել է հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան