Թուրքագետը հաշվել է. Թուրքիայում 10 հայ գործարար կա
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Սփյուռքի նախարարությունից շուրջ մեկ միլիոն դրամի չափով դրամաշնորհ է ստացել` ուսումնասիրելու Ստամբուլում հայ համայնքի ներկայիս վիճակը: Ուսումնասիրությունների արդյունքում գիրք է հրատարակել «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության» անվանումով: Այսօր ասուլիսում լրագրողներին ներկայացնելով նոր գիրքը, Մելքոնյանը տեղեկացրեց, որ այստեղ խոսվում է 1920-ական թվականներից մինչև մեր օրերի ստամբուլահայ համայնքի սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային ու կրթական կյանքի մասին:
Կրթական խնդիր կա Թուրքիայի հայկական համայնքում. ըստ թուրքագետի հայկական դպրոցների քանակը տարեց տարի նվազում է. եթե նախկինում կար 47 հայկական դպրոց, ապա այժմ դրանց թիվը 16-ն է` 3000 հայ աշակերտներով: Վտանգավոր երևույթ կա Թուրքիայի հայկական համայնքում. ըստ թուրքագետի հայ համայնքի միայն 18 տոկոսն է խոսում հայերեն, մնացած մասը թրքախոս են: Նրա տեղեկություններով, թրքախոս է նաև երիտասարդների 92 տոկոսը:
Եթե նախկինում համայնքում ամաչում էին բացահայտ խառնամուսնություններից, ապա այժմ դա հրապարակային է: Ավելին, ըստ Մելքոնյանի, դրանց թիվն է շատացել: Նրա խոսքով, Պոլսո Հայոց պատրիարքարանի տվյալներով, Թուրքիայի հայկական համայնքում խառնամուսնությունները հասնում են 40 տոկոսի: «Սա շատ լուրջ և նաև վտանգավոր է», -նկատեց Ռուբեն Մելքոնյանը: Նա տեղեկացրեց նաև, որ եթե նախկինում եկեղեցին բոյկոտում էր խառնամուսնությունները, ապա այժմ օրհնում է նորապսակներին:
Թուրքիայի տնտեսական կյանքում հայերի ներգրավվածության մասին խոսելիս, թուրքագետն ասաց, որ դեռևս նախորդ դարում Թուրքիայում «տնտեսական ցեղասպանություն» է իրականացվել, այսինքն հարկումն արվել է ըստ ազգային ու կրոնական պատկանելության: Այժմ սակայն, իրավիճակը մի փոքր մեղմացված է, բայց քիչ հայ տնտեսվարողներ կան: «Հայկական համայնքում ես 10 հոգի գործարար եմ հաշվել, իսկ այդ թիվը մեծ չէ», -հավելեց թուրքագետը` նկատելով, որ Ստամբուլ-Երևան չվերթն իրականացնող գործարարը իր հաշված հայերից է:
Նա ասաց, որ գիրքը տպագրվել է արտգործնախարարության ու Սփյուռքի նախարարության աշխատակիցների համար, որպեսզի կարդան և ընդհանուր պատկերացում կազմեն Թուրքիայում հայկական համայնքի կյանքի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան