Թուրքիայի պատկերասրահներից մեկում արյունահեղություն է եղել
Ստամբուլ քաղաքի հարևանությամբ գտնվող Թոփհանե շրջանի ժամանակակից արվեստների պատկերասրահը ցուցահանդեսի ժամանակ 40-50 հոգանոց զինված խմբի հարձակման է ենթարկվել:
Այս մասին տեղեկացնում է www.boingboing.net ինտերնետային աղբյուրը, որը ներկայացրել է ժամանակակից արվեստի թուրք գործիչ Բյուրաք Արիքանի նամակը: Նամակում թուրք արվեստագետը դիմում է միջազգային հանրությանը` խնդրելով ճնշում գործադրել թուրքական կառավարության ղեկավարի վրա, որպեսզի վերջինս հետամուտ լինի թուրք բնակչությանը իսլամիստ ծայրահեղականներից պաշտպանելու գործին:
Նամակում մասնավորապես գրված է. «Ժամանակակից արվեստների պատկերասրահի վրա հարձակվողները զինված էին դանակներով, կացիններով, կոտրված ապակե կտորներով, պատկերասրահն ուղղակի ողողված էր արյամբ: Զինված հարձակումից տուժել են նաև ցուցահանդեսին մասնակցող արտասահմանից եկած հյուրեր` Լեհաստանից, Դանիայից, Գերմանիայից, Անգլիայից»:
Ինչպես նշում է Բյուրաք Արիքանը` հարձակման երկու վարկած կա` առաջինը, որ դա իսլամիստ ծայրահեղականների գործն է և երկրորդ, որ դրանք կառավարության կողմից հովանավորվող ահաբեկչական խմբեր են, որոնք կոչված են ճնշելու ժամանակակից մշակույթի այլակարծություն տարածող ներկայացուցիչներին: