Ասոյան. Ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել
Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության դեպքերի ցուցանիշն այնքան էլ մտահոգիչ չէ, ծանր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին Panorana.am-ի հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Նրա խոսքով, վարակը տևում է 2-4 օր, առաջին երկու օրերն ուղեկցվում են բարձր ջերմությամբ, հիվանդի մոտ նկատվում է սրտխառնոց, երբեմն փսխում և ստամոքս-աղիքային տրակտի խանգարում` փորթուլության ձևով: Ա. Ասոյանը նկատեց, որ այսպիսի հիվանդությունները հատուկ են տարվա անցումային եղանակներին, դրա համար այս շրջանում գրիպի և ՍՇՎ-ների դեպքեր գրանցվում են ոչ միայն հանրապետությունում, այլ` աշխարհի տարբեր երկրներում: «Տարվա այս սեզոնին մարդիկ եղանակին համապատասխան չեն հագնվում: Այստեղ գործում է մրսածության գործոնը, իսկ եթե մարդը մրսած է, ապա վարակի նկատմամբ ընկալունակ է»,-նկատեց մասնագետը:
Ա. Ասոյանն առաջին հերթին առողջ մարդկանց խորհուրդ տվեց հագնվել եղանակին համապատասխան, շատ հեղուկ օգտագործել, մասնավորապես, թեյ: Իսկ ինչ վերաբերում է գրիպով և ՍՇՎ-ներով հիվանդներին, ապա Ա. Ասոյանի հավաստմամբ, հարկավոր է դիմել մասնագետի խորհրդատվությանը` ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել: Բայցևայնպես նա նկատեց, որ գրիպի և ՍՇՎ-ների դեպքում սինդրոմային բուժում է հարկավոր, ջերմության առկայության դեպքում` ջերմիջեցնող, հազի դեպքում` դրա դեմ նախատեսված դեղամիջոցներ և այսպես շարունակ: Նա խորհուրդ տվեց խորհրդակցել տեղամասային բժշկի հետ: «Թեկուզ հեռախոսով կարելի է խորհրդակցել և ճիշտ բուժում ստանալ: Հարկավոր չէ ինքնաբուժությամբ զբաղվել: Ամեն դեպքում, մասնագետն ավելի լավ գիտի, թե ինչ է հարկավոր»,-ասաց Ա. Ասոյանը:
Բացի այդ, հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը նկատեց, որ այդ դեպքում հնարավոր կլինի հիվանդացություների թվի հստակ պատկեր կազմել, հաշվառում անցկացնել: «Մենք բոլորս էլ մեր շրջապատում տեսնում ենք, որ գրիպով, սուր շնչառական ու նման վարակներով հիվանդներ կան, բայց հիվանդացության իրական պատկերը չենք կարող կազմել, միչև հիվանդը չդիմի տեղամասային պոլիկլինիկա ու չգրանցվի: Հավատացեք, այդ դեպքում, մեր գործն էլ հեշտ կլինի, հիվանդ էլ ճիշտ բուժում կստանա»,-եզրափակեց Ա. Ասոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան