Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմն ընդգրկվել է Ռումինիայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային ծրագրում
Ռեժիսոր Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» կինոնկարը ընդգրկվել է հոկտեմբերի 3-10-ը Բուխարեստում կայանալիք Ռումինիայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային ծրագրում: Նույն փառատոնի ոչ մրցութային կինոցուցադրությունների առանձին ծրագրում ցուցադրվելու է Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը:
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Մի նայիր հայելուն» ֆիլմի պրոդյուսեր Վարդան Աբովյանը:
Նշենք, որ այս ֆիլմն արդեն ներկայացվել է մի շարք փառատոների` «Սինգապուրի», «Կարլովի Վարիի», «Ոսկե ծիրան» (աժանացել է Էկումենիկ անկախ ժյուրիի մրցանակին), Անապայում կայացած «Կինոշոկ» միջազգային կինոփառատոն, Ռիգայում կայացած «Արսենալ» միջազգային կինոֆորում, իսկ հոկտեմբերի 13-17-ին էլ ներկայացվելու է Սիրակուզի միջազգային կինոփառատոնին:
Ֆիլմը նկարահանվել է 2008 թ.: Նախկին նկարիչը, որ դարձել է բնորդ, գոյատևելու համար վաճառում է ունեցած-չունեցածը, և երբ հերթը հասնում է սրբապատկերին, նրա հոգեկանում մետամորֆոզներ են կատարվում` հայելուն նայելիս իր փոխարեն ուրիշ մարդու է տեսնում: Երբ պարզում է, որ իր փոխարեն հայելում երևացող բոլոր մարդիկ իր եսի տարբեր արտացոլանքներն են, ծնողների շիրիմների առաջ խոստովանում է իր բոլոր մեղքերը, ներողություն և օգնություն է խնդրում` ի վերջո հասկանալով, որ փորձությունների միջով հասնում է հավատքի: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Ժան Պիեր Նշանյանը:
Ի դեպ, նշենք, որ ֆիլմի պրոդյուսեր Վարդան Աբովյանին «Կինոշոկ» փառատոնի կազմկոմիտեն անակնկալ է մատուցել և շնորհել է «Լավագույն պրոդյուսեր» մրցանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին