Առողջ ազգ, առողջ տնտեսություն
«Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» խորագրով` վաղը Վանաձորում տեղի կունենա շնորհանդես- միջոցառում, որը «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և «ՋԻ Էքս Պի» գերազանցության կենտրոնը:
CAPS ծրագրի դեղագործական կլաստերի համակարգող Լալա Մարգարյանցի փոխանցմամբ, այս միջոցառումն, ըստ էության, Լոռու մարզի և մարզկենտրոն Վանաձորի առողջապահության ոլորտի մասնագետների հետ զրույց-հանդիպում է՝ հայկական դեղարտադրության ներկա իրավիճակի, զարգացման հեռանկարների, նվաճումների և մարտահրավերների քննարկման նպատակով: Հրավիրված են Լոռու մարզպետը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի ներկայացուցիչները, Վանաձորի քաղաքապետը, մարզի առողջապահության ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչ՝ բժիշկներ, դեղագետներ:
ԴԱՆ միության (Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը) «Առողջ ազգ, առողջ տնտեսություն» քարոզարշավը, որի շրջանակներում անցկացվելու է նաև այս միջոցառումը, մեկնարկել է այս տարվա մայիս ամսից: Անցած 5 ամիսների ընթացքում կազմակերպվել են մասնագիտական դասախոսություններ, դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների հանդիպում» և հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքներ: